«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են





Վրաստանի Պետական անվտանգության ծառայության «Վրացական երկաթուղու» նախկին տնօրեն Դավիթ Փերաձեի և այլ ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետաքննության շրջանակներում հունիսի 17-ին դատավոր Էկա Բարբաքաձեն 8 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է կալանավորումը։

ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալությունը Դավիթ Փերաձեին և ևս յոթ անձի (Գիորգի Կուրտանիձե, Զազա Բիձինաշվիլի, Անզոր Ջամալաշվիլի, Ռևազ Ռևազիշվիլի, Մալխազ Օմարաշվիլի, Ալեքսանդրե Տորիաշվիլի, Գիորգի Մարուքաշվիլի) մեղադրում է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման համար։ Ավելի կոնկրետ՝ 2019-2022 թվականներին տարբեր դրվագներով պետական գույքի հափշտակության և անօրինական եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար։ Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 18 միլիոն լարիի մասին է։ Մեղադրյալներին սպառնում է 9-ից 12 տարի ազատազրկում։

Ի հակադրություն դատախազության հիմնավորման, թե մեղադրյալների ազատության մեջ մնալու դեպքում առկա է թաքնվելու, նոր հանցագործություն կատարելու և քննության/վկաների վրա ճնշում գործադրելու ռիսկ, փաստաբանները պահանջել են որպես խափանման միջոց կիրառել գրավը։ Սակայն դատավորը չի ընդունել փաստաբանների այն փաստարկները, թե դատախազի նշած ռիսկերը գոյություն չունեն։

8 մեղադրյալներից ձերբակալված է 6 անձ։ Դավիթ Փերաձեն և Զազա Բիձինաշվիլին հետախուզվում են։ Փերաձեի փաստաբանի պարզաբանմամբ` նա երկիրը լքել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դեռ այն ժամանակ, երբ նշված քննությունը սկսված չէր, և Փերաձեն չէր կարող կանխատեսել, որ ապագայում իր դեմ քրեական հետապնդում կսկսվի։ Իսկ Զազա Բիձինաշվիլին 2022 թվականից մեկնել է արտագնա աշխատանքի։ Փերաձեի և Բիձինաշվիլիի նկատմամբ կալանավորումը սահմանվել է հեռակա կարգով։

Քննությունն ընթանում է հետևյալ հոդվածներով.

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կազմակերպված խմբի առանձնապես խոշոր չափերի խարդախություն և նշված հանցագործության կատարմանն օժանդակություն,

Խմբակային եղանակով կեղծ հաշվարկային փաստաթղթերի պատրաստում և օգտագործում,

Կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստում և օգտագործում, նաև` նշված հանցագործությանն օժանդակություն,

Կազմակերպված խմբի ձեռնարկած անօրինական եկամուտների օրինականացում (փողերի լվացում), որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտների ստացմամբ։

Aliq.ge




դիտվել է 26 անգամ

Leave a comment