Քննարկենք, տեսնենք՝ մանդատ վերցնելո՞վ ենք կարողանում շուտ հեռացնել Փաշինյանին, թե` չվերցնելով․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց։ Նրա խոսքով՝ ավարտվել են «ամենախայտառակ և ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները», որոնց արդյունքում, ըստ նրա, ժողովուրդը հերթական անգամ պարտություն է կրել։

Կարապետյանը պնդել է, որ իշխանությունները տապալել են թե՛ նախընտրական գործընթացը, թե՛ քվեարկության օրվա կազմակերպումը և թե՛ ձայների հաշվարկը։

«Առաջին անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով, ինչը լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն ամբողջությամբ արել են իրենց օգտին», – ասել է նա։

Կարապետյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը մինչև ընտրությունները թույլ է տվել սխալ՝ չկարողանալով համախմբվել մեկ ճակատի շուրջ։ Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է ստեղծել հետընտրական ընդդիմադիր կոալիցիա և համախմբել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է երկրի ապագան։

Կարապետյանն առաջարկել է ձևավորել համակարգող խորհուրդ, որը բաց և թափանցիկ ձևաչափով կքննարկի հետագա քայլերը և հանրությանը կներկայացնի խորհրդարան մտնելու կամ մանդատներից հրաժարվելու տարբերակների առավելություններն ու թերությունները։Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե որ ճանապարհն է առավել արդյունավետ քաղաքական փոփոխությունների հասնելու համար։

Կարապետյանը նաև առաջարկել է դիմել Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարություններին՝ ներկայացնելու ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Նրա խոսքով՝ նախատեսվում է ապագա համակարգող խորհրդի նիստերին հրավիրել նաև տարբեր երկրների դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների։

Նա հայտարարել է նաև, որ առաջիկայում ընդդիմադիր ուժերը համատեղ հանրահավաք կանցկացնեն։ «Մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին և միասին պայքարենք այս ժամանակահատվածում։ Վստահ եմ, որ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է», – ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment