Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք


Առաջին անգամ Սևանա լճում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը զբոսանավում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով տակտիկական ուսումնավարժանք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Ուսումնավարժությանը հետևում էին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի  մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանը, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղաս Խաչատրյանը։


Ըստ սցենարի՝ Սևանա լճում գտնվող զբոսանավում հրդեհ է բռնկվել, նավի անձնակազմի երկու անդամ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, քաղաքացիներից մի քանիսը խուճապահար նետվել են լիճը, իսկ մեկ քաղաքացի ջրահեղձ է եղել։ 


«Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակը արձագանքող ուժերի մարտունակությունը բարձրացնելն է»,- նշում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանը։


Ստեղծված իրավիճակը պահանջում էր միաժամանակ իրականացնել հրդեհաշիջման, որոնողափրկարարական, ջրափրկարարական և բժշկական օգնության համալիր գործողություններ։


Ուսումնավարժանքին ներգրավված էին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, ջրափրկարարական ջոկատը, ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության կարգախմբերը, ինչպես նաև Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների աղետների բժշկության մեկական թիմեր։


«Ուսումնական վարժանքի ընթացքում, համագործակցելով մեր գործընկերների հետ, ջրային պարեկային ծառայողները իրականացրել են տարածքի սահմանազատում և պայմանական տուժածների դուրսբերում»,- նշում է ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի հրամանատար Իշխան Հակոբյանը։


Գործնական միջոցառման ընթացքում ստուգվել են ուժերի և միջոցների օպերատիվ տեղակայման, ջրից քաղաքացիների դուրս բերման, բժշկական օգնության կազմակերպման և տարբեր ծառայությունների համակարգված փոխգործակցության մեխանիզմները։ 


Ավարտին ամփոփվել են արդյունքները, մատնանշվել առավել բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ 


Ուսումնավարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում գնահատել արձագանքող ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և բարձրացնել արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման կարողությունները։

Դիտումների քանակ1

Leave a comment