Միացյալ Նահանգները հրապարակել է Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը, գրում է CNN-ը։
14 կետից բաղկացած փաստաթուղթը մանրամասնում է Հորմուզի նեղուցի վերաբացման, Իրանի նկատմամբ որոշակի ֆինանսական սահմանափակումների մեղմացման և ապագա տեխնիկական բանակցությունների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի լուծման ակնկալիքների մասին դրույթները։
«Սա, ըստ էության, համաձայնագիր է, որը թույլ է տալիս մեզ անմիջապես բացել Հորմուզի նեղուցը, պարտավորեցնել իրանցիներին ոչնչացնել միջուկային փոշին, ապա մեզ հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը։ Եթե իրանցիները բարելավեն իրենց վարքագիծը, մենք կպատասխանենք՝ իրականացնելով այնպիսի տնտեսական և պատժամիջոցների մեղմացում, որոնք կարող են նրանց դարձնել ավելի բարգավաճ երկիր»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Փաստաթղթի համաձայն՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համատեղ բարեխղճորեն համաձայնության են եկել» հետևյալի շուրջ.
1․ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրում են այս հուշագիրը՝ հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին, և պարտավորվում են այսուհետ չսկսել որևէ պատերազմ կամ որևէ ռազմական գործողություն միմյանց դեմ, զերծ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից, ինչպես նաև ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Վերջնական համաձայնագիրը կհաստատի պատերազմի մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և այս պարբերության այլ դրույթները:
2․ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց:
3․ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։
4․ Այս Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսի իր ծովային շրջափակման և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած խաթարման կամ խոչընդոտի վերացումը և 30 օրվա ընթացքում լիովին կդադարեցնի ծովային շրջափակումը։ Այս ժամանակահատվածում նավերի երթևեկությունը կհամապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից վերականգնվող նախապատերազմյան երթևեկության քանակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում հեռացնել իր ուժերը Իրանի Իսլամական Հանրապետության մերձակայքից։
5․ Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ձեռնարկելով առևտրային նավերի անվտանգ անվճար անցման համար ընդամենը 60 օրվա ընթացքում, Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակ ուղղությամբ։ Առևտրային նավերի երթևեկությունն անմիջապես կսկսվի, և հաշվի առնելով տեխնիկական ու ռազմական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ականազերծումը կսկսվի 30 օրվա ընթացքում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսություն կվարի Օմանի Սուլթանության հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա վարչարարության և ծովային ծառայությունների սահմանման համար՝ քննարկելով Պարսից ծոցի այլ ափամերձ պետությունների հետ՝ համապատասխան միջազգային իրավունքին և Հորմուզի նեղուցի ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքներին։
6․ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել Իրանի Իսլամական Հանրապետության վերակառուցման և տնտեսական զարգացման համար առնվազն 300 միլիարդ դոլարի չափով վերջնական, փոխադարձ համաձայնեցված ծրագիր։ Այս ծրագրի իրականացման մեխանիզմը վերջնականապես կմշակվի 60 օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնագրի շրջանակում։ Համապատասխան ֆինանսական գործարքների համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները, արտոնությունները և թույլտվությունները կտրամադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
7․ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը և ԱՄՆ-ի բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ առաջնային և երկրորդային, համաձայնեցված ժամանակացույցով՝ որպես վերջնական համաձայնագրի մաս։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները գիտակցում են վերը նշված պատժամիջոցների դադարեցման հարցի առանցքային կարևորությունը և հայտնել են իրենց մտադրությունը՝ անհապաղ լուծել այդ հարցերը բանակցությունների ընթացքում՝ դրանց վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար։
8․ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ ձեռք չի բերի կամ չի մշակի միջուկային զենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի վերացման հարցը՝ համաձայն յոթերորդ կետում նշված ժամանակացույցի փոխադարձ համաձայնեցման ենթակա մեխանիզմի, որի նվազագույն մեթոդաբանությունը պետք է մշակվի տեղում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Երկու կողմերը նաև համաձայնել են քննարկել հարստացման հարցը և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին վերաբերող այլ փոխադարձ համաձայնեցված հարցեր՝ հիմնվելով վերջնական համաձայնագրում համաձայնեցված բավարար շրջանակի վրա։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի այս կետի դրույթները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտակցում են վերը նշված միջուկային հարցերի կրիտիկական կարևորությունը։ Նրանք արտահայտում են իրենց մտադրությունը՝ անհապաղ լուծելու այդ հարցերը բանակցությունների ընթացքում՝ դրանց վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար։
9․ Մինչև վերջնական համաձայնագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնվում են պահպանել ստատուս քվոն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս ստատուս քվոն, և Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ նոր պատժամիջոցներ չի կիրառի և լրացուցիչ ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։
10․ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների դադարեցումը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կտրամադրի արտոնություններ իրանական հում նավթի, նավթամթերքի և դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր ծառայությունների արտահանման համար, ներառյալ՝ բանկային գործարքները, ապահովագրությունը, տրանսպորտը և այլն։
11․ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է լիովին հասանելի դարձնել Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվներն այս փոխըմբռնման հուշագրի կիրառման դեպքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում փոխադարձաբար կհամաձայնեցնեն այդ միջոցների ազատման հետ կապված ընթացակարգերը։ Այդ միջոցները, անկախ նրանից՝ պահպանվել են սկզբնական հաշվին, թե՞ փոխանցվել, պետք է լիովին օգտագործելի լինեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից նշանակված ցանկացած վերջնական շահառուին վճարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է համապատասխանաբար տրամադրել բոլոր անհրաժեշտ լիցենզիաներն ու լիազորությունները։
12․ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայն են, որ կստեղծվի գործադիր մեխանիզմ՝ այս փոխըմբռնման հուշագրի հաջող իրականացումը և վերջնական համաձայնագրի ապագա համապատասխանությունը վերահսկելու համար։
13․ Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և այս փոխըմբռնման հուշագրի 1, 4, 5, 10 և 11 կետերի կիրառման մեկնարկի և այդ միջոցառումների շարունակական իրականացման դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի վերաբերյալ՝ բացառապես մյուս կետերի վերաբերյալ։
14․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի