Սպիտակ տան տարածքում կառուցվող պարահանդեսների սրահի արժեքը, որը նախաձեռնվել է ԱՄՆ վարչակազմի կողմից, նախորդ տարվա նախնական գնահատականների համեմատ աճել է երեք անգամ և մոտենում է 600 միլիոն դոլարին։ Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով կապալառուի նախագծային փաստաթղթերին։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ իր վաղեմի երազանք հանդիսացող այս նախագծի իրականացման համար պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվելու։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումը պետք է ապահովեին կորպորատիվ հովանավորները, այդ թվում՝ Amazon, Apple, Booz Allen Hamilton և Caterpillar ընկերությունները։ Սակայն փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է 307 միլիոն դոլար հատկացնել դաշնային աղբյուրներից։
WP-ի տվյալներով՝ նախագծի բազմաթիվ ամփոփ նկարագրությունները, որոնք Սպիտակ տուն է փոխանցել շինարարական Clark Construction ընկերությունը, վկայում են, որ «ներքին արժեքային գնահատականները զգալիորեն ավելի բարձր են եղել, քան վարչակազմի ներկայացուցիչներն ընդունել են հրապարակային հայտարարություններում կամ դատական փաստաթղթերում»։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ նախագծի մեկնարկից ի վեր ենթադրվում էր, որ աշխատանքները «մեծ մասամբ կֆինանսավորվեն հարկատուների միջոցների հաշվին»։
Վարչակազմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել ծախսերի աճի կամ բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ հաղորդումներին։ Clark Construction ընկերությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից՝ առաջարկելով պարզաբանումների համար դիմել Սպիտակ տանը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Դևիս Ինգլը հայտարարել է, որ նախագահ Թրամփը և առատաձեռն ամերիկացի հայրենասերները պարահանդեսների սրահի կառուցման համար հատկացնում են մոտ 400 միլիոն դոլար, և այն երկար տարիներ կծառայի որպես անվտանգ ու համապատասխան վայր նախագահների համար։
Նրա խոսքով՝ Արևելյան թևի արդիականացման նախագիծը սերտորեն կապված է նախագահի անվտանգության, Սպիտակ տան տարածքի և անվտանգության ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պարահանդեսների սրահի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի ամռանը։ Նոր շինությունը նախատեսված կլինի 650 մարդու համար։