«Պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար պայմաններ ի հայտ գան»․ Ֆիդանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Քաղաքականություն

18.06.2026 | 11:20

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի ընթացքում թուրքական մամուլի հետ զրույցում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Ֆիդանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում 3+3 մեխանիզմի գործունեության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ նշելով դրա կարևորությունը որպես Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման կարևոր մեխանիզմ։

«Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է գիտակցենք, որ պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից։ Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում։ Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի։ Խաղաղությունը, անդորրը և կայունությունը բոլորի շահերից են բխում։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»,- հայտարարել է Ֆիդանը։

Նա ասել է, որ 3+3-ը կծառայի Կովկասում նշանակալի համագործակցության իրականացմանը՝ բացատրելով, որ կան խոչընդոտներ, և որ որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը հասել է լուրջ մակարդակի։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել՝ հավելելով, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքով ձեռնարկվել են բազմաթիվ նշանակալի քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտուր և ավիահաղորդակցություն»։

Ֆիդանը նշել է, որ նոր ժամանակահատվածում նույնպես անելիքները պարզ են։

«Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ի հայտ գան»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment