Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ավելի ճկուն համակարգ՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Մասնավորապես, նախատեսվում է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) դասակարգմամբ 5-րդ՝ «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի ներդրում։
Նախագծով նախատեսվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում։ Սահմանվում է բնության հուշարձանների և հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման գործիքակազմ, որը հնարավորություն կտա մրցութային կարգով ինչպես համայնքներին, այնպես էլ իրավաբանական անձանց իրականացնել բնության հուշարձանների կառավարում։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի ստեղծման, կառավարման և կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման և գործառնական կառավարման առավել միասնական և կանխատեսելի համակարգի ձևավորմանը:
Նախագծերի փաթեթը ստացել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։