Ցեմենտի ներմուծումը կսահմանափակվի
Տեղական ցեմենտ արտադրողների եւ ներմուծողների միջեւ առողջ մրցակցության ապահովման նպատակով կառավարությունը ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառի։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։ Սահմանափակումը կկիրառվի 2026 թվականի հուլիսի 23-ից եւ կգործի մինչեւ 2027 թվականի հունվարի 23-ը։
2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը 2024 թ-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. նկատմամբ՝ 29,2%)։
Ներմուծումը վատթարացրել է տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։ Այդ իսկ նպատակով ՀՀ ԱԺ կողմից կատարվել են փոփոխություններ «Պետական տուրքի մասին օրենքում», սահմանելով երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800-ապատիկի չափով, նախկին՝ 200-ապատիկի փոխարեն։
Այս նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները եւ շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները: