«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից հայկական պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները զուտ քաղաքական ճնշում են, որոնք, սակայն, լինելու են անարդյունավետ, քանի որ Եվրամիությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Factor TV-ի եթերում Խուրշուդյանը նշեց, որ այդ ճնշումն ուղղակիորեն կապված է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների և դրան հաջորդող ներքաղաքական գործընթացների հետ։
«Կարծում եմ՝ արդեն բոլորի համար էլ ակնհայտ է, և դրա մասին շատ խորանալու իմաստ էլ չկա։ Պարզ է, որ փորձեցին ճնշում գործադրել դրա միջոցով։ Հիմա էլ փորձում են ճնշում գործադրել հետընտրական գործընթացների վրա։ Իհարկե, դա հակաարդյունավետ է, ակնհայտ է դա, և բոլոր տեղերը դա հակաարդյունավետ է եղել, որտեղ իրենք փորձել են դա կիրառել, ում դեմ ուզեցել են կիրառել, միշտ հակառակ էֆեկտն են ստացել, բայց մեկ է, նույն փոցխի վրա ամեն անգամ ոտք են դնում ու այդ հարվածը ստանում են իրենք», – նշեց Խուրշուդյանը։
Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանի գործողություններին ի պատասխան՝ Եվրամիությունը պատրաստվում է աննախադեպ քայլերի՝ Հայաստանի տնտեսությունը փրկելու համար։
«Ճանապարհները բացվել են հայկական ապրանքների առջև՝ անկախ նրանից, որ դեռ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Հարկերը հանվել են, մաքսերը հանվել են հայկական ապրանքների վրայից՝ անկախ նրանից, որ չենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու DCFTA-ը։ Այսինքն՝ նույն արտոնություններից ենք օգտվելու, ինչ նրանք, ովքեր այդ մաքսային միության մեջ մտել են՝ լինելով, մնալով դեռ ԵԱՏՄ-ի անդամ։ Տեսե՛ք՝ ինչ բացառությունների է գնում Եվրամիությունը՝ խախտելով իր բոլոր ընթացակարգերը, հանուն Հայաստանի տնտեսությունը փրկելու։ Էլ չեմ խոսում այդ 50 միլիոն տվեցին, ասացին՝ գիտենք, որ սա հերիք չի, նախնական տալիս ենք, մինչև հաշվարկը անենք, լրիվ տեսնենք՝ ինչ վնասներ եք կրում, ինչ աջակցություն է պետք։ Վերջիվերջո, պետք է սուբսիդավորվեն նաև լոգիստիկ որոշ ծախսեր, չէ՞, որովհետև որոշ ապրանքների Եվրոպա հասցնելն ավելի թանկ է, քան Ռուսաստան հասցնելը»։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից գազամատակարարումը դադարեցնելու հնարավոր սպառնալիքին՝ Խուրշուդյանը նշեց, որ դա այնքան էլ հեշտ իրագործելի չէ միջազգային պարտավորությունների պատճառով։
«Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան բարդ է այդպես, ձեր ասած, բռնել, վերջնական անջատել… ի միջի այլոց, Ուկրաինայում այդպիսի քյանդրբազություն փորձեց անել Գազպրոմը, միջազգային ատյաններում՝ արբիտրաժային դատարանում պարտվեց, և նույնիսկ Ղազախստանը Գազպրոմի ունեցվածքի վրա կալանք դրեց։ Եթե դու պայմանագիր ունես, խախտում ես այդ պայմանագիրը… սիրուն դրա տասնապատիկը կփոխհատուցի։ Չի անի այդպիսի բան։ Մենք երեք ամսվա պաշար ունենք։ Մենք ունենք մեծ գազակուտակիչ Աբովյանում, որը բավարար է ամբողջ Հայաստանի սպառման երեք ամսվա համար»։
Խուրշուդյանի կարծիքով՝ այս ընտրություններից հետո իշխանության համար «ճշմարտության պահ» է՝ իրականացնելու այն բարեփոխումները, որոնք մինչ այս հետաձգվել են։
«Ճշմարտության պահ է հիմա իշխանությունների համար։ Այն, ինչ ամեն անգամ մենք մեղադրում էինք, որ դիտմամբ եք պահում այս նախկիններին, որպես հեշտ մրցակից է ձեր համար, որ անընդհատ տանձիկի պես օգտագործեք, խփեք-խփեք, հաղթեք… Հիմա ճշմարտության պահ է։ Իրենք ասում են՝ չէ, այդպիսի բան չկա, մենք հո չենք կարող քաղաքական դաշտը ձևավորել։ Շատ լավ, դե հիմա այն, ինչ որ ասում եք, արե՛ք։ Այն, ինչ որ ասում եք, որ այո՛, ընտրակաշառք բաժանած կուսակցությունը պիտի լուծարվի և իրավունք չունենա մասնակցելու քաղաքական գործընթացներին, դե ընդունե՛ք այդ օրենքները, տեսնենք՝ անկեղծ եք ասում, թե չէ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան