Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում. Փաշինյան

Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու: Մեր հանրությունը պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր այդ սուտը տարածել են»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նման թեմա թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Փաշինյանը նշեց, որ եթե հակամարտության տրամաբանության մեջ են մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղությունն  այդ բոլոր թեմաները փակել է:

Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ վարչապետը նշեց. «Ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել, առաջին անգամ մեր պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ, առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է: Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել: Ընտրակաշառք բաժանողներին ՀՀ քաղաքական կյանքից արմատախիլ անելը դառնում է օրակարգի առաջնահերթություն, իրենց հատ-հատ պետք է  արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով: ՀՀ-ն տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է, միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ՝ պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունն է: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում խաղաղության պայմանավորվածությունը: ՀՀ ավելի քան 700 հազար քաղաքացիներ գնացել ու հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը, դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է: ՀՀ-ն պետք է ինքն իրեն պաշտպանելու լծակներ գտնի, դա լրտեսական ցանց է, որն աշխատել է, այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց արմատախիլ պետք է անել, հակառակ դեպքում նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու համար»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա միայն ընտրություն չի, երեխաների հեղափոխություն է. «Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում: Այդ սպառնալիքներն անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ: Քանի վարչապետ եմ՝ դրանց հասցեական ջախջախելու եմ, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել և փոխել Կառավարություն: Կալուգացի օլիգարխ, Քոչարյան, բելառուսացի՝ ջախջախելու եմ ու իրենց մետաստազներին ու շոշափուկներին հասցեական ու բոլոր հնարավոր միջոցներով ջախջախելու եմ»:

Leave a comment