«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարում է, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ-ն պետք է նշանակեր վերաքվեարկություն, այլ ոչ թե անտեսեր այդ տեղամասերի ընտրողների քվեները։ Դաշինքի գնահատմամբ՝ վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ապօրինի է, խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը, և իրենք պատրաստվում են իրավական քայլեր ձեռնարկել ընտրողների իրավունքների պաշտպանության համար։
«Անկախ դիտորդ դաշինքի նախնական գնահատականի պատրաստման ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերանայելով թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) որոշումները, անվավեր է ճանաչել թիվ 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ թիվ 12 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները։ Առաջին երկու տեղամասերում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20։00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18։00 տվյալ տեղամասում բացակայել էին Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության քվեաթերթիկները։ Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները բավարար չէին լինելու ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած արգելապատնեշի հաղթահարման համար, և Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական կարգով բողոքարկեց չեղարկման որոշումները։ Անկախ դիտորդ դաշինքը վստահ էր, որ բոլոր երեք տեղամասերում արդյունքները պիտի անվավեր ճանաչվեին և նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը։ Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև Բարգավաճ Հայաստանի բողոքը քննող վարչական դատարանը։ Նախնական գնահատականի տարածման հաջորդ օրը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ որոշելով չնշանակել վերաքվեարկություն՝ ինչով փաստացի անտեսեց նշված տեղամասերի ընտրողների քվեն։ Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը։ Անկախ դիտորդը պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեցին 2026 թ․ հունիսի 7-ին։ Ընտրություններին առաջադրվել էին 17 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Առաջադրված կուսակցություններից մեկը հետագայում ներկայացրեց ինքնաբացարկ։ Այս օրերին ընթանում են վերահաշվարկներ և վերջնական արդյունքները ամփոփված չեն։ Այնուամենայնիվ, նախնական արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Ազգային ժողովի մանդատներ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Վերահաշվարկները, որոնք նույնպես դիտարկվում են առաքելության կողմից, իրականացվում են պատշաճ և ակներև սխալ մուտքագրված տվյալների փոփոխություններից բացի վճռում են առանձին քվեաթերթիկների վավեր կամ անվավեր լինելու հարցը՝ չարձանագրելով քվեարկության արդյունքների կեղծման դեպքեր։ 3 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը և վերաքվեարկության նշանակումը շարունակում են մնալ Անկախ դիտորդի ուշադրության կենտրոնում։
Ընտրությունների նախապատրաստման փուլում Անկախ դիտորդ դաշինքը ՀՀ ողջ տարածքում երկարաժամկետ դիտարկում է իրականացրել 2026 թ․ մարտի 9-ից։ Սկզբնական փուլում դիտարկումն իրականացվել է 13 դիտորդներով, իսկ քարոզարշավի մեկնարկի փուլից՝ 43 դիտորդների կազմով։ Պաշտոնական քարոզարշավին նախորդող երկու ամսվա ընթացքում դաշինքի դիտորդները դիտարկել են 52 հավաք և զրուցել են այդ հավաքների 118 մասնակցի հետ։ Դիտարկվել է նաև 36 ներկուսակցական հավաք, այդ թվում կուսակցության համագումար, ժողով կամ գրասենյակի բացում։ Անկախ դիտորդը ներկայացրել է առանձին ամփոփագիր՝ կուսակցությունների համագումարների վերաբերյալ։
Դիտորդները քարտեզագրել են կուսակցությունների 281 ներկայացուցչություն և զրուցել 78 ներկայացուցչի հետ։ Իրենց դիտարկման տարածքներում դիտորդները քարտեզագրել են նաև հասարակական կազմակերպություններին և զրուցել դրանցից 42-ի ներկայացուցիչների հետ։
Նախընտրական քարոզչության փուլում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, երկարաժամկետ դիտորդները դիտարկել են 499 հավաք և հարցազրույցներ իրականացրել հավաքների 735 մասնակցի հետ։ Հարցազրույցներ են իրականացվել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները ներկայացնող 190 պատգամավորի թեկնածուի հետ։
Կարճաժամկետ (քվեարկության օրվա) դիտարկումն իրականացվել է շուրջ 700 դիտորդի կողմից, որոնք քվեարկության օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ այցելել են գործող 2005 տեղամասերից 1906-ը (95%), 621՝ երկու անգամ, 176՝ երեք անգամ, 79՝ ավելի հաճախ, ընդհուպ մինչև 8 անգամ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 387 տեղամասում, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 311 տեղամասում և բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ Ձայների հաշվարկի դիտարկման համար բոլոր 2005 տեղամասերից շուրջ 12% տեղամասերը ընտրվել էին 2021 թվի արդյունքների վերլուծության հիման վրա կառուցած ընտրանքի միջոցով, մյուս տեղամասերը ընտրվել էին օրվա ընթացքում խախտումների մասին ահազանգերի հիման վրա։
Դիտարկմանը զուգահեռ իրականացվել են նաև հարցազրույցներ արդեն քվեարկած ընտրողների հետ՝ որոշումների կայացման շարժառիթների և ընտրական գործընթացների նկատմամբ վերաբերմունքի մասին՝ առանց բացահայտելու, թե ում օգտին են քվեարկել։
Այս բոլոր դիտարկումների վիճակագրական նշանակություն ունեցող արդյունքների վերլուծությունը կներկայացվի առաջիկայում։
Անկախ դիտորդը ներկայացրել է նաև ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները կարգավորող օրենսդրության ամփոփումը՝ այդ թվում վերջին օրենսդրական կարգավորումները»,- ասված է հաղորդագրությունում։