Ամառային արձակուրդների սեզոնին ընդառաջ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ հորդորելով քաղաքացիներին նախքան հանգստի մեկնելը մանրամասն ծանոթանալ տվյալ երկրի սահմանահատման կարգավորումներին, հատկապես՝ անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջներին:
Ի՞նչ է «անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը»
Բազմաթիվ հայտնի և հայերի կողմից սիրված զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշված ճամփորդության վերադարձի ամսաթվից։
Նման պահանջ ունեն, օրինակ՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։
Կոնկրետ օրինակ. Եթե դուք մեկնում եք հանգստանալու հուլիսի 21-31-ը, ապա ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2027 թվականի հունվարի 28-ը։ Եթե ժամկետը լրանում է դրանից շուտ, ձեզ պարզապես թույլ չեն տա նստել ինքնաթիռ:
Եվրոպական ուղղություններ. Եռամսյա պահանջ
Կան երկրներ, որոնք ավելի մեղմ են գտնվում և պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա (3 ամիս) վավերականություն՝ դարձյալ հաշված ճամփորդության վերադարձի օրվանից։ Այս կատեգորիային են պատկանում Շենգենյան գոտու երկրները, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։
Կարգավորումները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել, ուստի տուրիստական փաթեթ կամ տոմս գնելիս անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կանոնները:
Խնդիրը տեղում լուծել հնարավոր չէ
Միգրացիոն ծառայությունը հատուկ հիշեցնում է, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելու դեպքում այն տեղում լուծել հնարավոր չէ:
Անձնագրի թողարկման նույնիսկ ամենաարագ՝ մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը։ Հետևաբար, անփութության պատճառով քաղաքացիները ռիսկի են դիմում կորցնել և՛ տոմսերը, և՛ ամրագրված հյուրանոցների գումարները: Ճամփորդությունից առնվազն մի քանի շաբաթ առաջ ստուգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների փաստաթղթերը: