Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը փախնի գործից. Ռուբինյան


Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը չգա գործի, փախնի գործից: Լիքը դեպքեր եղել են, երբ ընդդիմությունը բոյկոտել է իքս նիստ, 1 նիստ, 2 նիստ, նույնիսկ՝ մի քանի նիստ մի քանի տարի, բայց դա եղել է քաղաքական բոյկոտ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը:  


«Հայաստանի պատմության մեջ էլ է եղել՝ «Արդարություն» դաշինք կար՝ 2003 թվականին ընտրված, այդ մարդիկ քաղաքական բոյկոտ էին հայտարարել: Կամ, թեկուզ, մեր դեպքում 2021-2022 թվականներին՝ մեր ընդդիմությունը բոյկոտ հայտարեց, չէին գալիս, և մենք չէինք ասում այդ ժամանակ, որ գործից փախել են, որովհետև քաղաքական բոյկոտ է, ակտ է:


Հիմա մարդ չի հասկանում՝ այս մարդիկ ո՞ւր են, չեն հայտարարել, որ չեն գալու, ուղղակի չեն եկել, չեն գալիս գործի այս մարդիկ: Կարծում եմ՝ մեր հանրությունը չպիտի դրան հանգիստ վերաբերվի:


Մենք էլ շատ հաճախ չենք ասում, որովհետև մեզ հաճելի է իրենց բացակայությունը: Ո՞ւմ է հաճելի նայել կոռուպցիոներների և կոռուպցիոներների պաշտպանների դեմքերին: Բայց սա պրոբլեմ է:


Ի՞նչ մեղքս թաքցնեմ, շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի մանդատը և գա ԱԺ: Շատ եմ ուզում և վստահ եմ, որ իմ պես բազմաթիվ մարդիկ 2008-ի մարտի 1-ի երեկոյան կամ մարտի 2-ի առավոտյան երազել են ունենալ հնարավորություն՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու առանց թիկնապահների և առանց ոստիկանության: Եվ ես ու դուք, պարոն [Վահագն] Ալեքսանյան, կարծում եմ, այդ հնարավորությունը շատ շուտով կստանանք: Կարծում եմ՝ շատ-շատ հետաքրքիր պահեր են սպասվում ԱԺ-ում, սպասում ենք, պարո՛ն Քոչարյան»,- ասաց նա:

Leave a comment