Հայ մեծերի ձեռագրերը մեկ ցուցադրությունում․ Հրաչյա Դանիելյանի մշակութային առաքելությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, գործարար, ԵՊՀ դասախոս Հրաչյա Դանիելյանը առաջին հայացքից թվում է խիստ, իր նորարարական գաղափարների, գիտական հաշվարկների և տնտեսական վերլուծությունների աշխարհում ապրող մարդ։ Սակայն այդ արտաքին զսպվածության հետևում թաքնված է մի անհատ, ում գործունեության կարևոր ուղղություններից մեկը կապված է բարեգործության, ազգային հիշողության պահպանման և մշակութային ժառանգության արժևորման հետ։ Նրա մասին հաճախ պատմում են ուրիշները։ Պատմում են իրականացրած բարեգործական ծրագրերի, մշակութային նախաձեռնությունների և ազգային արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման մասին։
Հրաչյա Դանիելյանը համարվում է աշխարհում տնտեսագիտական գիտությունների առաջին դոկտորը (PhD) կրիպտոոլորտում։ Վերջինս կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու՝ «Խորհրդավոր Կրիպտոաշխարհ» գրքի հեղինակն է, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի «Ֆինանսական ռիսկերը թվային արժույթներում» առարկայի դասախոսը։ Սակայն մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Հրաչյա Դանիելյանը տարիներ շարունակ զբաղվում է մեկ այլ առաքելությամբ՝ ձեռք է բերում, հավաքագրում և պահպանում հայ մեծանուն մտավորականների, գրողների, արվեստագետների և հասարակական գործիչների ձեռագրերը, անձնական նամակներն ու պատմական փաստաթղթերը։ Այսօր նրա անձնական հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ նմուշներ, որոնց թվում են Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի և բազմաթիվ այլ նշանավոր հայերի ձեռագրեր, ինքնագրեր ու անձնական գրառումներ։
Մայիսի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես են խոսում ձեռագրերը․ ձեռագրերը որպես պատմամշակութային աղբյուր» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որտեղ ներկայացվեց Հրաչյա Դանիելյանի հավաքածուի մի մասը։ Ցուցահանդեսը գործեց մինչև հունիսի 10-ը՝ հնարավորություն տալով հարյուրավոր այցելուների ծանոթանալ հայ մշակութային ժառանգության բացառիկ նմուշներին։ Ցուցադրության բացման արարողությանը ներկա էին կրթական, գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, պատմաբաններ, մշակութաբաններ, ուսանողներ և արվեստասերներ։ Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց ձեռագրերի նշանակությունը՝ որպես պատմության, կրթության, ինքնության և մշակութային շարունակականության պահպանման կարևոր գործիքներ։
Ցուցադրության ընթացքում ներկայացված ձեռագրերը ոչ միայն պատմական փաստաթղթեր էին, այլև ազգային հիշողության կենդանի վկաներ։ Յուրաքանչյուր էջի, յուրաքանչյուր ստորագրության և յուրաքանչյուր ձեռագրի հետևում կանգնած էր մի ամբողջ ժամանակաշրջան, մի ճակատագիր, մի ստեղծագործական ուղի։ Հրաչյա Դանիելյանի համոզմամբ՝ ձեռագրերը մարդկային մտքի, զգացմունքների և ժամանակի վավերագրերն են։ Դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն հաղորդակցվել պատմության հետ և ավելի խորությամբ հասկանալ այն մարդկանց, ովքեր ձևավորել են մեր ազգային մշակույթն ու ինքնությունը։
Հավաքածուի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ստեղծվել է բացառապես անձնական նախաձեռնության, հետաքրքրասիրության և նվիրումի շնորհիվ։ Տարիների ընթացքում Հրաչյա Դանիելյանը ոչ միայն համալրել է հավաքածուն, այլև բազմաթիվ արժեքավոր նմուշներ նվիրաբերել տարբեր թանգարանների, մշակութային և գիտական հաստատությունների։ Նման ներդրումն արժանացել է մի շարք կառույցների գնահատանքին, իսկ համագործակցությունները շարունակվում են բազմաթիվ թանգարանների և մշակութային կազմակերպությունների հետ։ Նպատակն է աջակցել հայկական պատմամշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման ծրագրերին թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
ՀՊՄՀ-ում կազմակերպված ցուցադրությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակութային ժառանգության պահպանությունը միայն պետական կառույցների պարտականությունը չէ։ Այն պահանջում է անհատների ներգրավվածություն, անձնական պատասխանատվություն և նվիրվածություն։ Ժամանակակից տեխնոլոգիաների, թվայնացման և արագ փոփոխվող աշխարհի պայմաններում՝ ձեռագիր էջը շարունակում է պահպանել իր առանձնահատուկ արժեքը։ Իսկ Հրաչյա Դանիելյանի հավաքածուն հիշեցնում է, որ ազգային հիշողությունը պահպանվում է ոչ միայն գրքերում ու թանգարաններում, այլև այն մարդկանց շնորհիվ, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը, միջոցներն ու ջանքերը նվիրել այդ արժեքների պահպանմանը։