Քաղաքականություն
17.06.2026 | 12:48
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունիսի 23-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Որոշումն այսօր՝ հունիսի 17-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի լարված հարաբերությունների ֆոնին։
Ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքատեսակների ներմուծման նկատմամբ և հրապարակային զգուշացումներ արել ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռանալու հետևանքների մասին։ Երևանում դրանք գնահատվել են որպես քաղաքական ճնշման միջոցներ։
Ռուսական գազի գինը ևս դարձել է զգայուն թեմա։ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ գազի գնի բարձրացումը կարող է լրացուցիչ լարել հարաբերությունները և նույնիսկ ազդել ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։
Բացի այդ, չնայած տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մինչև այսօր նման շնորհավորանք ՌԴ-ից չի հնչել։
Եվգենյա Համբարձումյան