ԱՄՆ-ն, Իրանը և նրանց տարածաշրջանային գործընկերները համաձայնել են անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և առաջիկա 60 օրվա ընթացքում հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքում հայտնված փոխըմբռնման հուշագրի (MoU) վերջնական նախագծին։
Ըստ հրապարակման՝ հուշագրի առաջին կետում նշվում է, որ պատերազմն ավարտվում է «բոլոր ճակատներում» («on all fronts»), և բոլոր կողմերը պարտավորվում են զերծ մնալ թշնամական գործողություններից և սպառնալիքներից։
Reuters-ի փոխանցմամբ՝ հուշագիրը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում այս ուրբաթ, որից հետո այն կհրապարակվի։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են ռազմական գործողությունների «անմիջական և մշտական» դադարեցման շուրջ։
Հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ն ստորագրումից անմիջապես հետո կդադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը, իսկ Հորմուզի նեղուցը կվերաբացվի առևտրային նավերի համար։ Իրանը, իր հերթին, պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերականգնել նավարկության բնականոն ընթացքը և հեռացնել պատերազմի ընթացքում ստեղծված խոչընդոտները։
Միջուկային հարցը թողնվել է հետագա բանակցություններին։ Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք, սակայն հարստացված ուրանի պաշարների վերջնական ճակատագիրը պետք է որոշվի ապագա համապարփակ համաձայնագրով։ Մինչ այդ Թեհրանը կսառեցնի իր միջուկային ծրագրի ընդլայնումը, իսկ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանի։
Bloomberg-ի տվյալներով՝ փաստաթուղոը Իրանի համար նախատեսում է զգալի ֆինանսական արտոնություններ։ Դրանք ներառում են իրանական նավթի վաճառքի սահմանափակումների անհապաղ մեղմացում, սառեցված ակտիվների հասանելիություն և մինչև 300 մլրդ դոլարի զարգացման հիմնադրամի ստեղծում։
Reuters-ը հաղորդում է, որ այդ հիմնադրամը լինելու է մասնավոր ներդրումային մեխանիզմ, և դրա ավելի քան 150 միլիարդ դոլարն արդեն նախնական պարտավորությունների տեսքով ապահովված է ԱՄՆ-ից, Պարսից ծոցի երկրներից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից եկող ընկերությունների կողմից։ Հիմնադրամը կսկսի գործել միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։
Հուշագրի համաձայն՝ առաջիկա 60 օրերի ընթացքում կողմերը պետք է բանակցեն միջուկային ծրագրի, պատժամիջոցների վերացման և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Վերջնական համաձայնագիրը նախատեսվում է ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։
«Բոլոր ճակատներում» ձևակերպումը հատկապես ուշադրություն է գրավել Իսրայելում, քանի որ այն կարող է վերաբերել ոչ միայն ԱՄՆ-Իրան հակամարտությանը, այլև Իրանի հետ կապված տարածաշրջանային այլ թատերաբեմերին, ներառյալ Լիբանանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հայտարարել են, որ ռազմական գործողությունների դադարեցումը տարածվում է նաև Լիբանանի ուղղության վրա, թեև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենց ուժերը կշարունակեն մնալ Լիբանանում, Սիրիայում և Գազայում զբաղեցրած անվտանգության գոտիներում։