ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը



Տնտեսություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 216 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  68.5 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.1 մլն դրամ,

  • հանրային սննդի ոլորտում՝ 26 խախտում, տուգանքի չափը՝ 14.6 մլն դրամ,

  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 4.7 մլն դրամ,

  • մթերային խանութներում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 5.6 մլն դրամ,

  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.3 մլն դրամ,

  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 4.2 մլն դրամ,

  • ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,

  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.3 մլն դրամ,

  • շինանյութի առևտրի ոլորտում՝ 9 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,

  • այլ ոլորտներում՝ 63 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ։    

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 46 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  189, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 47.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են, մասնավորապես,

  • հանրային սնունդ ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 26, տուգանքի չափը՝ 6.5 մլն դրամ,

  • մթերային խանութի ոլորտում՝ 5 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 15, տուգանքի չափը՝ շուրջ 3.8 մլն դրամ,

  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 32 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 148, տուգանքի չափը՝ 37 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  16 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.2 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.2 մլն դրամ,

  • մթերային խանութի առևտրի ոլորտում ՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 600 հազ դրամ,

  • այլ ոլորտներում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ 3.4 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment