Կատարը վերադարձնում է LNG տանկերները Մերձավոր Արևելք՝ արտահանման ծավալների աճին պատրաստվելով․ Bloomberg

Կատարը սկսել է իր որոշ հեղուկացված բնական գազ (LNG) փոխադրող տանկերների վերադարձը Մերձավոր Արևելք՝ նախապատրաստվելով արտահանման ծավալների ավելացմանը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Հորմուզի նեղուցը կրկին բացվի նավագնացության համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ առնվազն չորս դատարկ LNG տանկեր, որոնք պատկանում են Կատարին, վերջին օրերին վերադարձի ուղի են վերցրել դեպի տարածաշրջան՝ այն բանից հետո, երբ որոշ ժամանակ անգործության էին մատնված կամ շարժվում էին այլ ուղղություններով։ Բացի այդ, ևս մեկ նավ, որը վարձակալվել է Կատարի կողմից, նույնպես շարժվում է դեպի տարածաշրջան։

Նշվում է, որ տանկերների հաջորդ կանգառը լինելու է Ռաս Լաֆֆանը՝ Կատարում գտնվող հեղուկացված բնական գազի արտահանման աշխարհի խոշորագույն կենտրոնը։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Կատարի հետ կապված ևս չորս տանկեր ներկայումս գտնվում են Օմանի ծոցում և կարող են փորձել Հորմուզի նեղուցով անցնել դեպի Պարսից ծոց։

Պարբերականը նաև նշում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Կատարը Պարսից ծոց չի ուղարկել որևէ դատարկ LNG տանկեր, ինչը վկայում է տարածաշրջանում անվտանգության իրավիճակի նկատմամբ պահպանվող զգուշավորության մասին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ տանկերների վերադարձը կարող է վկայել այն մասին, որ շուկայի մասնակիցները ակնկալում են նավագնացության պայմանների բարելավում և տարածաշրջանից էներգակիրների արտահանման աստիճանական ակտիվացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment