ԵՄ Խորհուրդը նախօրեին ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, այսպես կոչված, մինի-փաթեթ, որը հաստատվել է սահմանափակումների ավելի լայն՝ 21-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներին զուգահեռ։ Այս փաթեթը ներառում է ռուսական ռազմական արդյունաբերությանն աջակցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ռուսական նավթ տեղափոխող մի քանի «ստվերային նավատորմի» լցանավեր և ռուսական բանակի համար ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և մատակարարմամբ զբաղվող ընկերություններ։
ԵՄ Խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս փաթեթը ներառում է, ընդհանուր առմամբ, 34 ֆիզիկական և 47 իրավաբանական անձի ու նախատեսված է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրն ավելի սահմանափակելուն, «ստվերային նավատորմին» թիրախավորելու միջոցով էներգետիկ եկամուտների կրճատման և ռուսական քարոզչության տարածումը կանխելու համար։
Պատժամիջոցների փաթեթում ներառվել է նաև ադրբեջանական ընկերություն։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ փաթեթը ներառում է երկու անձանց՝ Թահիր Գարաևին և Կոնստանտին Ռոգաչային, ինչպես նաև 24 կազմակերպությունների, որոնք կապված են Ռուսաստանից հում նավթի կամ նավթամթերքի տեղափոխման և արտահանման հետ, այդ թվում՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» միջոցով: Դրանց թվում են «Լուկօյլ-Արևմտյան-Սիբիր» և բազմաթիվ ընկերություններ, որոնք գտնվում են Ռուսաստանում, Լիբերիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Հոնկոնգում։
Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների փաթեթում ներառված է նաև ադրբեջանական «Global Ship Solutions LLC» ընկերությունը, որը գրանցված է Սումգայիթում։
Փաստաթղթում նշվում է, որ «Global Ship Solutions LLC»-ն նավագնացության ընկերություն է, որը մասնագիտացած է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այն Fulger, Deneb և Odune նավերի տեխնիկական կառավարիչն է: Այս նավերը չունեն քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն և ներգրավված են ավտոմատ նույնականացման համակարգերի մանիպուլյացիաներում՝ Ռուսաստանից արտահանվող հում նավթ կամ նավթամթերք տեղափոխելիս: Հետևաբար, ընկերությունը կառավարում է Ռուսաստանից հում նավթ կամ նավթամթերք տեղափոխող նավերը և զբաղվում անկանոն ու բարձր ռիսկային նավագնացության մեթոդներով, ինչպես սահմանված է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր ասամբլեայի A.1192(33) բանաձևով։
Լցանավերից մեկը՝ Odune-ը, որի ISM կառավարիչն է տվյալ ադրբեջանական ընկերությունը, անցյալ տարի պատժամիջոցների է ենթարկվել Եվրամիության և Մեծ Բրիտանիանի կողմից: Այս լցանավի առևտրային կառավարիչը Night Moon Navigation LLC ընկերությունն է, որը գրանցված է Ադրբեջանում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի