Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին

Քաղաքականություն

16.06.2026 | 21:24

Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է Արցախի  ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստը վարել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ։

​Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց փաստարկները պատրաստելու համար։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտնել է իր պաշտպանի հետ առաձին հանդիպում ունենալու ցանկության մասին։ Նրա միջնորդությունը բավարարվել է։

Նշվում է, որ դատարանի հայտարարած ընդմիջման ժամանակ Դավիթ Իշխանյանը գաղտնիության պայմաններում հանդիպել է  իր փաստաբանի հետ։ Նա նաև թարգմանչի օգնությամբ ծանոթացել է մայիսի 26-ի դատական ​​նիստի արձանագրությանը։

Այնուհետև ելույթի համար խոսք է տրվել Լևոն Մնացականյանի պաշտպանին։ Փաստաբանը դատարանին խնդրել է  Մնացականյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։

Դրանից հետո ելույթ է ունեցել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լ Լևոն Մնացականյանը։ Նա  հայտարարել է, որ աջակցում է փաստաբանի ելույթին և ներկայացրել է իր սեփական փաստարկները։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հունիսի 23-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment