G7 երկրների էներգետիկ ոլորտի միլիարդատերերը Իրանի շուրջ հակամարտության սկզբից ի վեր իրենց կարողությունն ավելացրել են 23.5 միլիարդ դոլարով, քանի որ հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Այս մասին նշվում է անհավասարության դեմ պայքարող միջազգային Oxfam կազմակերպության զեկույցում։
«G7 երկրների 41 էներգետիկ միլիարդատերերի կարողությունն աճել է 23.5 միլիարդ դոլարով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո»,- ասվում է զեկույցում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Հակամարտության հետևանքով փաստացի դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային շուկաներ նավթի, նավթամթերքների և հեղուկացված բնական գազի մատակարարման կարևորագույն ուղիներից է Պարսից ծոցի երկրներից։
Արդյունքում վառելիքի գները բարձրացել են աշխարհի բազմաթիվ երկրներում։
Oxfam-ի գնահատմամբ՝ աշխարհի վեց խոշորագույն նավթային ընկերությունների շահույթը 2026 թվականի արդյունքներով կարող է աճել 80%-ով կամ 68 միլիարդ դոլարով՝ նախապատերազմյան կանխատեսումների համեմատ՝ հասնելով 152 միլիարդ դոլարի։ Սա համարժեք է օրական մոտ 416 միլիոն դոլար շահույթի։
Զեկույցում նշվում է, որ աճ կգրանցվի նաև այլ ոլորտներում։ Մասնավորապես, պարարտանյութերի աշխարհի երեք խոշորագույն արտադրողները, ըստ կանխատեսումների, կստանան 23%-ով կամ 928 միլիոն դոլարով ավելի շահույթ, քան սպասվում էր մինչև հակամարտության սկիզբը։
Սպասվում է նաև, որ G7 երկրների տարածքում կենտրոնակայան ունեցող մի շարք խոշոր կորպորացիաների համախառն շահույթը միջինում 413 միլիոն դոլարով կգերազանցի նախապատերազմյան կանխատեսումները։
Միաժամանակ Oxfam-ը նշում է, որ 2024-2025 թվականներին G7 երկրները 48 միլիարդ դոլարով կրճատել են ամենաաղքատ պետություններին տրամադրվող օգնությունը։ Կազմակերպության գնահատմամբ՝ G7-ի միլիարդատերերը նման գումար կարող են կուտակել ընդամենը ինը օրվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականից ի վեր՝ աշխարհի միլիարդատերերի կարողություններն աճել են 9.8 տրիլիոն դոլարով։