Թուրքիան կորցրել է արոտավայրերի կեսից ավելին

Թուրքիայի «TEMA» բնապահպանական հիմնադրամը «Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա» կապակցությամբ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ երկիրը վերջին 65 տարում կորցրել է իր արոտավայրերի կեսից ավելին՝ 54%-ը։

Ըստ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դենիզ Աթաչի՝ 1960-ին Թուրքիայում առկա շուրջ 29 մլն հեկտար մարգագետիններն ու արոտավայրերն այսօր կրճատվել են՝ հասնելով 13 մլն հեկտարի:

Որպես հիմնական պատճառ՝ վերջինս նշել է հողերի նշանակության փոփոխությունը, ինչպես օրինակ՝ արոտավայրերի վերածումը մշակության հողերի, ապա քաղաքաշինությունը և հանքարդյունաբերական գործունեությունը:

Աթաչը հավելել է նաև, որ Թուրքիայի արոտավայրերի 70%-ն այժմ գտնվում է անմխիթար, ցածր արդյունավետությամբ և բուսածածկույթից զրկված վիճակում, ինչն էլ մեծացնում է կերերի դեֆիցիտն ու անասնապահական ծախսերը:

Ermenihaber

Leave a comment