2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է, և սկսվել է ներգաղթի գործընթաց։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի ձևակերպմամբ՝ 2025-ը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ երկրում արձանագրվել է ՀՀ քաղաքացիների արտագաղթի դադար և առկա է ներգաղթ։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցել է երկրից մեկնածների թվին:
«Իհարկե, սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը ՀՀ-ի կյանքում, և միանշանակ և աներկբա՝ պատմական տարի է, հենց թեկուզ պետք է արձանագրեմ՝ 2025-ը պատմական տարի է»,- ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին կայացվել են ռազմավարական որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի զարգացման հետագա ընթացքը։ «Առաջին հերթին՝ դա կապված է խաղաղության հաստատման ու հարակից պրոցեսների հետ»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը: