Ինչպես է կայացվել թոշակների բարձրացման որոշումը․ Փաշինյանի պարզաբանումը

2025 թվականի համար թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան ինստիտուտները, և թե՛ պետական բյուջեի նախագծով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էին սահմանել՝ 5.2 տոկոս։ Սակայն 2026 թվականի փետրվարին, երբ Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց վերջնական ցուցանիշները, պարզվեց, որ իրական տնտեսական աճը մոտ 2 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսումները: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 16-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ հիմքերով է կայացվել երկրում կենսաթոշակների բարձրացման որոշումը։

«Խաղաղության դիվիդենտը» և տնտեսական թռիչքը

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կանխատեսվածից բարձր տնտեսական աճի վրա ուղղակի դերակատարում են ունեցել քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և հետագայում Վաշինգտոնում խաղաղության վերջնական հաստատումը։ Ըստ Փաշինյանի՝ հենց այս գործոններն են ձևավորել լուրջ տնտեսական խթաններ։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ աճել է 53 տոկոսով, ինչը նա որակեց որպես «ահռելի մեծ թիվ»։

«Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը»,- ընդգծեց նա։

Պատմական շեմ. թոշակներն անցել են սպառողական զամբյուղից

Արձանագրելով 2025 թվականի տնտեսական հաջողությունները և հաշվի առնելով դեռևս 2021 թվականի նախընտրական խոստումը՝ վարչապետը որոշում է կայացրել անմիջապես արձագանքել թոշակների բարձրացմամբ։

«Սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է, և առաջին անգամ ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ ՀՀ-ում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև կարևոր նորություն հայտնեց կենսաթոշակառուների համար. 2028 թվականից սկսած՝ կառավարությունը ներդնելու է նոր մեխանիզմ, որով վերանայելու և առնվազն գնաճի (ինֆլյացիայի) չափով ինդեքսավորելու է կենսաթոշակները, որպեսզի դրանք այլևս երբեք չիջնեն սոցիալական նվազագույն նշաձողից։

Leave a comment