ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ Anthropic ընկերության արհեստական բանականության նորագույն Mythos 5 և Fable 5 մոդելները կարող են օգտագործվել Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի՝ Anthropic-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարիո Ամոդեին ուղղված նամակին։
Նամակից հետևում է, որ հենց այս մտահոգությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ուրբաթ՝ հունիսի 12-ին, պարտադրել է Anthropic-ին արգելափակել օտարերկրացիների, այդ թվում՝ ընկերության օտարերկրյա աշխատակիցների հասանելիությունն իր AI մոդելներին։ Այդ ժամանակ ընկերությունը փակել էր հասանելիությունը ամբողջ աշխարհում գտնվող օգտատերերի համար։
Anthropic-ում հայտարարել էին, որ նոր արգելքը պայմանավորված է ԱՄՆ կառավարության մտահոգություններով, ըստ որոնց՝ չարագործները կարող են շրջանցել Fable 5-ի կիբեռպաշտպանությունը, որից հետո այն հնարավոր կլինի օգտագործել ծրագրային ապահովման խոցելիություններ հայտնաբերելու և կիբեռհարձակումներ իրականացնելու համար։ Anthropic-ում նշել էին, որ իրենց մոդելում կան միայն «աննշան» խոցելիություններ։ Նամակում նշվում էր, որ նոր սահմանափակումը չպահպանելը կհանգեցնի «անհապաղ քրեական և քաղաքացիական պատժամիջոցների»։
Reuters-ը հայտնել էր, որ երկուշաբթի՝ հունիսի 15-ին, Anthropic-ի տեխնիկական մասնագետները հանդիպել են ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկել են նոր արգելքը։ Կառավարությանը անհրաժեշտ են երաշխիքներ, որ ընկերության AI մոդելները չեն օգտագործվի ԱՄՆ-ին վնաս հասցնելու համար, մինչդեռ Anthropic-ը, հակառակը, ձգտում է վերականգնել իր օգտատերերի հասանելիությունը AI մոդելներին։ Սակայն կողմերին առայժմ չի հաջողվել համաձայնության հասնել։
Ավելի վաղ Anthropic-ը Mythos-ին զանգվածային հասանելիություն չէր տրամադրում։ Սակայն հունիսի 9-ին ընկերությունը թողարկել էր հանրային տարբերակ՝ Fable 5 անվանումով, որը Mythos-ից տարբերվում էր կիբեռանվտանգության լրացուցիչ սահմանափակումների առկայությամբ։ Reuters-ի՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Anthropic-ը Fable 5-ի թողարկման համար թույլտվություն էր ստացել կառավարությունից։