Դատավարությունները կարող են իրականացվել նաև տեսակապով․ ՆԳՆ նոր նախագիծը

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ այս ձևաչափով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Դատավարությունները կարող են իրականացվել նաև տեսակապով։ Այսօր ԱԺ-ում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նոր օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկվում է ներդնել տեսակապի ինստիտուտ ոչ միայն դատավարության փուլում, այլև ՔԿՀ-ում, այսինքն՝ պատիժների կատարման փուլում։

«Տեսակապի կիրառումը կարող է նախատեսվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ։ Սրա համար պետք է լինեն համապատասխան հիմքեր, իրավաչափ պայմաններ, օրինակ, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման համար»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։ Նախատեսվում է, որ պաշտպանը տեսակապի միջոցով մասնակցելու է դատական նիստին մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքում, երբ կան պաշտպանի և պաշտպանյալի համաձայնությունները՝ հրաժարվելու այդ իրավունքից և միջնորդելու, որ պաշտպանը հանդես գա դատական նիստերի դահլիճից։

Նախարարը նաև հավելեց, որ բավականին մեծ ռեսուրս է ծախսվում դատապարյալներին դատարան ուղեկցելիս, ուստի տեսակապի հնարավորությունը նաև նման դեպքերում է նախատեսվելու։

Leave a comment