Հայաստանը կկարողանա ուղիղ առևտուր անել Թուրքիայի հետ և օգտագործել Ախալքալաք–Կարս երկաթգիծը. Ռուբինյան

Հայաստանի համար հնարավորություն է բացվում ուղիղ առևտուր անել Թուրքիայի հետ և օգտագործել Ախալքալաք (Վրաստան) – Կարս (Թուրքիա) երկաթգիծը,  հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը


ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համար հնարավորություն է բացվում ուղիղ առևտուր անել Թուրքիայի հետ և օգտագործել Ախալքալաք (Վրաստան) – Կարս (Թուրքիա) երկաթգիծը. հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


«Իրականում տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ, որոնց ներքաղաքական «թոհուբոհի» պայմաններում պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Նախևառաջ՝ հնարավոր է դարձել ուղիղ առևտուրը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նախկինում երկու երկրների միջև մաքսային առումով նման հնարավորություն չկար»,- երեքշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Ռուբինյանը։


Նրա խոսքով՝ այժմ Հայաստանից Թուրքիա և Թուրքիայից Հայաստան արտադրանք ներմուծելիս ընթացակարգերը զգալիորեն ավելի պարզ և արագ կլինեն։


«Հայաստանի համար բացվում է նաև Ախալքալաք–Կարս երկաթգծից օգտվելու հնարավորություն։ Տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կիրառել այն ինչպես երկկողմ առևտրի, այնպես էլ տարանցման համար։ Սա պայմաններ է ստեղծում ապրանքները դեպի Եվրոպա և Սիրիա փոխադրելու համար»,- նշել է Ռուբինյանը։


Ավելի վաղ՝ 2026 թվականի մայիսի 13-ին, Թուրքիան հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Երևանում նշել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը մաքսային առումով հնարավոր է դարձել ուղղակիորեն՝ առանց երրորդ երկրների միջոցով վերաձևակերպման։


Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ախալքալաք (Վրաստան) – Կարս (Թուրքիա) երկաթգիծը բաց է Հայաստանից արտահանման և երկիր ներմուծման համար. ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը հնարավոր է ԵՄ-ի հետ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքներով։


Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։


 Նշենք, որ մայիսի 21-ին տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ առաջին նիստը։


 

Leave a comment