2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները և տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները, ասել է նախարարը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, հայտարարել է Առողջապահության նախարար Անայիտ Ավանեսյանը։
«Առողջության ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մարդկանց առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն», – ասաց Ավանեսյանը խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Նախարարը նշեց նաև, որ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները և տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները։
Նրա խոսքով` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից 1,7 մլն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, թանկարժեք վիրահատություններից և հասանելի բժշկական օգնությունից։
«Ծախսած գումարներն իրենց արդյունքն այսօր տալիս են», – ասաց Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ 2025 թվականի թարմացված վիճակագրական տվյալների համաձայն՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից վաղաժամ մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 85,7` 2018 թվականի 109-ի համեմատ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 58,4` 2018 թվականի 75,6-ի համեմատ:
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։