Հնդկաստանը մայիսին ներմուծել է 3.4 միլիարդ դոլարի ոսկի

2026 թվականի մայիսին Հնդկաստանը ներմուծել է 3.42 միլիարդ դոլարի ոսկի: Այս մասին ասվում է երկրի առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալներում։

Սա 34%-ով ավելի է նախորդ տարվա մայիսի համեմատ, սակայն 39%-ով պակաս է 2026 թվականի ապրիլի ցուցանիշից։

Մայիսի կեսերին Հնդկաստանի իշխանությունները ոսկու ներմուծման մաքսատուրքը բարձրացրել են՝ 6%-ից հասցնելով 15%-ի։ Փորձագետների կարծիքով՝ նախկին փորձը ցույց է տալիս, որ մաքսատուրքերի բարձրացումը մեծացնում է ոսկու անօրինական ներհոսքը, թեև պաշտոնական ներմուծման ծավալները սովորաբար մնում են համեմատաբար կայուն։

Ներքին շուկայում գները միանգամից չեն արտացոլում մաքսատուրքերի բարձրացումը, այլ աստիճանաբար են հարմարվում նոր պայմաններին, հատկապես երբ փոփոխությունն այդքան զգալի է։

Բացի այդ, մաքսատուրքերի բարձրացումը տեղի է ունեցել սեզոնային առումով թույլ պահանջարկի շրջանում. ամառային հարսանեկան սեզոնի համար հիմնական գնումներն արդեն ավարտված էին, իսկ մայիսի կեսերից մինչև հունիսի կեսերն ավանդաբար համարվում են ոսկի գնելու համար ոչ բարենպաստ ժամանակահատված։

Այդ պատճառով սպառողները դեռ ամբողջությամբ չեն զգացել մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը։

Այնուամենայնիվ, փորձագետների կանխատեսմամբ, 2026 թվականին Հնդկաստանում ոսկու պահանջարկը կարող է նվազել ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պատճառով։ Ակնկալվում է, որ ոսկյա զարդերի, ձուլակտորների և մետաղադրամների պահանջարկը կնվազի 50-60 տոննայով, այսինքն՝ մոտ 10%-ով։

Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հնդկաստանը ներմուծել է 31.62 միլիարդ դոլարի ոսկի, ինչը 2.1 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Հնդկաստանը աշխարհի խոշորագույն ոսկու սպառողներից մեկն է, սակայն սեփական արտադրությունը երկրում չափազանց սահմանափակ է, ինչի պատճառով այն մեծապես կախված է ներմուծումից։

Leave a comment