«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հին օրերի…», «Տանգոյից…» Ա. Մկրտչյանի կոլեգաները պրեմիերաներից հետո հավաքվում էին, կարծիք ասում` գովում, քլնգում, վիճում… «իրար միս ուտում»:
     Երեխա էի, բայց լավ եմ հիշում:
     Դա ավանդույթ էր և մշակույթ: Չկային «կարմիր գորգեր», ֆոտոսեսիաներ…. Կար անկեղծություն: Անկեղծությունը օգնում էր լավ կինո ստեղծել:
     Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց: Առաջին պլան դուրս եկավ գլամուրը, իրար «սուտ գովալը»: «Լայքը» ոչ միայն Ֆեյսբուքում, այլ նաև կյանքում:
     Մենք որպես ստեղծագործող դարձանք ավելի ինքնասիրահարված, իսկ մեր ստեղծածն ավելի «մանր» ու կեղծ:
     Հատուկ այս գրառումն անում եմ իմ օրինակի վրա: Երեկ ես լսեցի շատ հիասքանչ խոսքեր: Բայց արդեն հասուն եմ և ունեմ փորձ հասկանալու համար և արած գործի լավը և վատը, ստացվածը և չստացվածը, կեղծը և իսկականը:
     Կեղծիքը տարավ մեզ այն կետին, երբ արվեստագետները հավատացած են իրենց բացառիկ լինելու քաղցր հեքիաթին, իսկ քաղաքական գործիչները` միֆին, որ արդեն գրեթե հաղթել են:
     Իսկ իրականությունը այլ է և միշտ կլինի այլ, քանի դեռ կեղծիքը կլինի մեզ և մեր արածը բնութագրող միակ շարժիչ ուժը:
     Խեղդեք ձեր «էգոն» և մի խուսափեք մարդկանցից, ովքեր ասում են այն, ինչ չեն ուզում լսել ձեր ինքնասիրահար ականջները` լինեք դուք ռեժիսոր, դերասան, քաղաքական գործիչ կամ երգիչ: Դա հաջողության հասնելու ոչ միակ, բայց կարևոր բաղադրիչներից մեկն է»:

Leave a comment