Երաշտ, շոգ և աղտոտված օդ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է Հայաստանի երեխաներին սպառնացող ռիսկերի մասին
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կլիմայական ռիսկերը լուրջ մարտահրավեր են երեխաների համար։
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026»-ը, որը ներկայացնում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը երեխաների վրա ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում։
Իրավիճակը Հայաստանում
Ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ առնվազն երեք կլիմայական վտանգի ազդեցության։
Օդի աղտոտվածության ազդեցությանը ենթարկվում է ավելի քան 668,000 երեխա։
Երեխաների շրջանում տարածված կլիմայական ռիսկերից են՝ օդերևութաբանական երաշտը (ավելի քան 650,000 երեխա), գյուղատնտեսական երաշտը (ավելի քան 375,000 երեխա), հաճախակի ջերմային ալիքները (460,000 երեխա) և գետերի վարարումից առաջացող ջրհեղեղները (շուրջ 20,000 երեխա)։
Գլոբալ պատկերը
Աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և կյանքը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում գրեթե յուրաքանչյուր երեխա առերեսվում է առնվազն մեկ կլիմայական վտանգի։
Զեկույցում քարտեզագրված ութ ամենատարածված վտանգներն են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։ Կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները, որոնց միաժամանակ բախվում է ավելի քան 296 միլիոն երեխա։
Զեկույցը զգուշացնում է, որ ջերմոցային գազերի արտանետումների անհապաղ նվազեցման բացակայության դեպքում կլիմայական վտանգներն ավելի հաճախակի և ուժգին կդառնան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը
Երեխաների իրավունքները պաշտպանելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և գործընկերներին՝
Նվազեցնել արտանետումները.
Հրաժարվել հանածո վառելիքից և անցնել վերականգնվող էներգիայի։
Պաշտպանել երեխաներին.
Ներառել երեխաների համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները (կրթություն, առողջապահություն, սնունդ) կլիմայական հարմարվողականության ազգային ծրագրերում։
Ընդլայնել մասնակցությունը.
Ներգրավել երեխաներին և երիտասարդներին կլիմայական որոշումների կայացման գործընթացում՝ զարգացնելով նրանց գիտելիքներն ու հմտությունները։