Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրի մասին։
«Ամիսներ տևած բանակցությունների և այս ուղղությամբ իրականացված անընդհատ ջանքերի արդյունքում մշակված այս համաձայնագիրը, եթե դրա բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, կարող է դառնալ մի փաստաթուղթ, որով երկիրն իրավամբ կարող է հպարտանալ։
Անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել իմ եղբայրներին և բոլոր նրանց, ովքեր դերակատարում են ունեցել այս ճանապարհին»,-նշել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ պետք է մշակվի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բոլոր սցենարներին, և իշխանությունը, անկախ նրանից, թե համաձայնության կհասնենք, թե ոչ, կենտրոնացած է ժողովրդին անկեղծորեն ծառայելու վրա»,-ասել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։