Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 17-18-ը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսվում են բանակցություններ Ուկրաինայի պատերազմի, Սև ծովում նավագնացության անվտանգության և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը կվերահաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև հանդես կգա Սև ծովում լարվածության հետագա սրումը կանխելու կոչով։ Նա մտադիր է կրկնել Թուրքիայի առաջարկը՝ սահմանափակ հրադադար հաստատելու նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը դրական է գնահատում Թուրքիայի կողմից ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հնարավոր առաջարկը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հանդես է եկել երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Գործակալության տեղեկություններով՝ Մոսկվայում նախատեսված քննարկումների ընթացքում Հաքան Ֆիդանը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ընտրական հաղթանակից հետո Երևանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչը, ըստ Reuters-ի, կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment