Փաշինյանն ապալեգիտիմացրեց խորհրարանը, հետևաբար «արդարությունը» պահանջում է, որ Փաշինյանի Չալոն ոչնչով չզիջի Կալիգուլայի ձիուն

Երբ Կալիգուլան իր ձիուն հռչակեց սենատոր, շատերը այն վերագրում էին նրա անհավասարակշիռ պահվածքին կամ ձիու նկատմամբ ունեցած անսահման սիրուն։ Գուցե իրոք նա շատ էր սիրում իր ձիուն, սակայն հիմնական շարժառիթը քաղաքական էր։ Ձիուն սենատոր հռչակելով՝ Կալիգուլան իր վերաբերմունքը ցույց տվեց Սենատի նկատմամբ, նա այդ քայլով սենատորներին հասկացրեց, որ դուք գրոշի արժեք չունեք, և դուք ու իմ ձին գտնվում եք նույն հարթությունում։

Նմանատիպ իրավիճակ է աստիճանաբար ստեղծվում նաև Հայաստանում, քանի որ ԿԸՀ վերջին որոշումը, որը չէր կարող տեղի ունենար առանց Նիկոլ Փաշինյանի իմացության ու հրահանգավորման, զրկեց խորհրդարանին լեգիտիմության վերջին նշույլներից, ու այդ ապալեգիտիմացման հեղինակը նույն ինքը Նիկոլ Փաշինյանն է։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ առանց այդ էլ ընտրակեղծիքներով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ ուղեկցվող ընտրությունները կասկածի տակ են դնելու ապագա խորհրդարանի օրինականությունը, սակայն երբ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչում այն տեղամասերի արդյունքները, որոնց հիման վրա ակնհայտ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անհրաժեշտ շեմն ու անցնում խորհրդարան, ապա դա վերջնականապես զրկում է խորհրդարանին ընդհանրապես օրինական լինելուց։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի 5 մանդատը փոխանակեց Ազգային ժողովի ամբողջական լեգիտիմության հետ՝ դրանով իր վերաբերմունքը արտահայտելով ողջ խորհրդարանի, այդ թվում, սեփական պատգամավորների հանդեպ։ Այսքանից հետո այլևս որևէ նշանակություն չի ունենա, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը Չալոյին կարգի պատգամավոր։ Լավ վարժեցնելու դեպքում Չալոն կարող է անվրեպ քվեարկել այնպես, ինչպես իշխող ուժի պատգամավորները։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանի համար միևնույնն է, թե խորհրդարանը օրինականության ինչ կարգավիճակ կունենա, ապա հասարակության համար պետք է միևնույնը չլինի, քանի որ կազմաքանդելով ու ուզուրպացնելով ամբողջ իշխանությունը, աստիճանաբար կազմաքանդվում է պետությունը։ Ցանկացած երկրից հանեք բռնապետին ու կտեսնեք հիմքերը քայքայված պետություն։ Երբ ամբողջ պետությունը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները, պետական բոլոր մարմիններն ու ատյանները կառավարվում են մեկ մարդու կողմից, ապա շատ արագ բոլոր ինստիտուտները վերածվում են ոչ կենսունակ մի կառույցի, որտեղ մարդիկ զրկված են լինում ոչ միայն որոշում կայացնելու, այլև մտածելու իրավունքից, ինչն էլ աստիճանաբար հագնեցնում է փլուզման։

Նման պետությունը վերածվում է այն մրգին, որն արտաքնապես փայլում է, իսկ ներսից՝ որդնած։

Բայց այս պահին գնդակն արդեն գտնվում է ընդդիմության դաշտում։ Թե ինչ է անում Փաշինյանը, պարզ է բոլորին, սակայն անորոշ են ընդդիմության գործողությունները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընտրակաշառքների, «մաֆիայի», «հրեշների» ու և այլնի մասին, ունի գեթ մեկ նպատակ՝ պետական մարմինները կազմաքանդելուն զուգահեռ կազմալուծել նաև քաղաքական ինստիտուտը, որի հիմնական կողմերն են քաղաքական ուժերը՝ իշխանություն-ընդդիմություն բևեռներով, ու երբ այդ բևեռներից մեկը վերանում է, ինքնաբերաբար փլուզվում է ողջ ինստիտուտը։

Կարեն Կարապետյան

Leave a comment