Լիբանանը ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ հուշագրի նախագծում Լիբանանը երեք անգամ հիշատակվում է, քանի որ այն կոչ է անում դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ինչպես նաև հարգել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գրում է Reuters-ը։
Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանի օրակարգում տարածաշրջանային երկրներ դիվանագիտական այցելություններն են՝ մինչև ուրբաթ Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախատեսված համաձայնագրի ստորագրումը։
«Փոխըմբռնման հուշագրի ստորագրման եղանակի և մեխանիզմի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այսօր և վաղը, դրա արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն»,- հավելել է նա։
Բաղային նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է ազատել Իրանի սառեցված միջոցներն արտասահմանում և փոխհատուցել պատերազմի ընթացքում կրած վնասները՝ շրջանակային համաձայնագրի համաձայն, հաղորդում է AFP-ն։
«Իրանական սառեցված ակտիվների ազատումը, ինչպես նաև վնասի փոխհատուցումը երկու կարևոր կետեր են։ Ամերիկյան կողմը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել երկու ոլորտներում էլ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էսմայիլ Բաղային։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Թեհրանը դեռևս «խորը անվստահություն» ունի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ չնայած պատերազմը դադարեցնելու նպատակով համաձայնեցված շրջանակին։
«Ցավոք, պետք է ընդունել, որ Իրանի խորը անվստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ բխում է ամերիկացի առաջնորդների կողմից թույլ տրված չարաշահումների երկար պատմությունից։ Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ մինչև կարողանա նվաճել Իրանի ժողովրդի վստահությունը»,- նշել է Բաղային՝ հավելելով, որ շրջանակային համաձայնագիրն «ընդամենը մեկ քայլ էր դեպի լարվածության նվազեցում և փետրվարի վերջին բռնկված պատերազմի ավարտ»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի