Քաղաքական հարց չէ. ԵՊՀ–ից հայտնում են` ինչու է փակվում արտասահմանյան գրականության ամբիոնը

Բաժանորդագրվել

Կառույցից շեշտել են` մագիստրոսական կրթական ծրագիրը պահպանվելու է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի փակումը պայմանավորված չէ առանձին դեպքերով կամ քաղաքական գործընթացներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ մամուլի ծառայությունը` անդրադառնալով վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող լուրերին։

Հունիսի 11–ին մամուլը գրել էր, որ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որի ղեկավարը քաղաքագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն է, լուծարվում է։ Բանն այն է, որ Անուշ Սեդրակյանը խորհրդարանական ընտրություններում հանդես էր գալիս «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով և մշտապես քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու գործող իշխանությանը։

«Որևէ առանձին ամբիոնի վերաբերյալ որոշում չի կարող ներկայացվել որպես մեկուսացված կամ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ․ այն ԵՊՀ-ում շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանական մասն է։ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը ներկայում բուհի ամենափոքր ուսումնական բեռնվածություն ունեցող ստորաբաժանումներից է՝ ընդամենը 2,5 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Այն իրականացնում է մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որտեղ ներկայում սովորում է 4 ուսանող, այն դեպքում, երբ հումանիտար ուղղության մագիստրոսական ծրագրերի համար ԵՊՀ-ում ընդունված նվազագույն շեմը 10 ուսանողն է»,– հայտնել են բուհից։

Շեշտել են` մագիստրոսական կրթական ծրագիրը պահպանվելու է, ու խոսքը ոչ թե կրթական բովանդակությունը կամ տվյալ ուղղությունը փակելու, այլ վարչական կառավարման մոդելի վերանայման և ռեսուրսների առավել նպատակային կազմակերպման մասին է։ Նշել են նաև, որ ամբիոնի գործող վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանի թեկնածությունը չի համապատասխանել փետրվարին ամբիոնի վարիչի մրցույթի համար սահմանված պահանջներին։

ԵՊՀ–ից վստահեցնում են, որ Սեդրակյանին ամբիոնի վարիչի պաշտոնակատար են նշանակել ուսումնական գործընթացը չխաթարելու և կրթական ծրագրի իրագործումը մինչև ուսումնական տարվա ավարտը հասցնելու նպատակով։

Համալսարանից պնդում են նաև, թե Սեդրակյանն էլ է իրենց խնդրել այդ հարցով, քանի որ ամբիոնի վարիչի կարգավիճակն իրեն անհրաժեշտ եղել նաև իր հետագա գործունեությունն արտերկրում կազմակերպելու համար։

«Սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին տիկին Սեդրակյանը տեղեկացված է եղել դեռ ձմռանը, իսկ հարցը Հոգաբարձուների խորհրդին ներկայացվելու է ուսումնական գործընթացի ավարտից հետո՝ կրթական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով։ Որոշմանը քաղաքական ենթատեքստ վերագրելու փորձերը հիմնազուրկ են և չեն համապատասխանում ակադեմիական բարեվարքության սկզբունքներին։ ԵՊՀ որոշումները պայմանավորված են կրթական ծրագրերի որակի բարձրացման, կառավարման արդյունավետության, ուսումնական և գիտական ռեսուրսների համախմբման»,– ասված է հաղորդագրությունում։

Հավելենք` ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակին» ասել էր, որ ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը և կան մի շարք ուսանողներ, որոնք ուսանում են այդ ծրագրով:

Leave a comment