Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287 ձայն կամ ընտրողների ձայների շուրջ 3,9% և չի անցնում խորհրդարան։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 35/65, 10/51 (ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների հիման վրա) և 12/13 (քվեարկության օրը բացակայել է թիվ 8 քվեաթերթիկը) ընտրական տեղամասերի արդյունքները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրությունների արդյունքները և հաշվել, թե ինչ կլիներ, եթե 3 տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին կամ տեղի ունենար վերաքվեարկություն նույն արդյունքով։
ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ տվյալ երեք տեղամասերում վերաքվեարկություն չի իրականացնելու։ ԿԸՀ-ն ավելի վաղ հրապարակել էր վերահաշվարկի ենթակա տեղամասային ընտրական հանձնաժողովների ցանկը։ Նշենք, որ այդ ցանկում չեն եղել վերը նշված 3 տեղամասերը։
Անվավեր ճանաչված 12/13 տեղամասի նախնական արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ն հավաքել էր 9 ձայն, 10/51 տեղամասում՝ 131, 35/65 տեղամասում՝ 82, ընդհանուր՝ 222 ձայն։
Ներկայացնում ենք ԲՀԿ ստացած ձայները՝ տարբեր տվյալներով։
- 58 368 նախնական արդյունքներով կամ 3.99%,
- 58 509 վերջնահաշվարկից հետո (+141) կամ 4.003%,
- 58 287 3 տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո (-222) կամ 3.98%:
Տոկոսները հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Կողմ» քվեարկած քվեաթերթիկների և անճշտությունների թվի գումարից:
Այսպիսով, եթե այդ տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին կամ տեղի ունենար վերաքվեարկություն (նույն արդյունքով), ԲՀԿ-ն կանցներ խորհրդարան՝ ստանալով 5 մանդատ։
Հաշվարկի մեթոդաբանություն
Հաշվարկը իրականացվել է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջների համաձայն։
Ըստ օրենսգրքի՝ մանդատների բաշխմանը մասնակցում են այն կուսակցությունները, որոնք ստացել են կողմ քվեների և անճշտությունների թվի գումարի առնվազն 4%-ը, և դաշինքները, որոնք ստացել են առնվազն 8%-ը:
Մանդատները բաշխվում են շեմը հաղթահարած ուժերի միջև՝ նրանց կողմ քվեարկված ձայներին համամասնորեն:
Յուրաքանչյուր ուժի ձայները բազմապատկվում են 101-ով և բաժանվում ընդհանուր ձայների վրա:
Բացի վերոնշյալ 101 մանդատներից, ևս 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնությունների միջև՝ հատուկ գործակիցների հիման վրա: Ըստ հաշվարկի՝ այդ մանդատներից 3-ը բաժին է հասնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին:
Վերջնական արդյունք
Մեր հաշվարկներով, եթե երեք տեղամասերի արդյունքները պահպանվեին նույն տեսքով, ԲՀԿ-ի ձայների բաժինը կհասներ 4 տոկոսին, ինչը կարող էր կուսակցությանը հնարավորություն տալ մասնակցելու մանդատների բաշխմանը և ստանալ խորհրդարանական ներկայացվածություն։
Արեն Նահապետյան
The post ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին appeared first on FIP.AM.