Ինչպես դիվերսիֆիկացնել արտահանումը. կառավարությունում քննարկել են ԵՄ և այլ շուկաներ դուրս գալու քայլերը

Կառավարությունում քննարկվել են արտահանման ծավալների ավելացման և տնտեսության դիվերսիֆիկացման հարցերը


ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն։


Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։


Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։


Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։


Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։


Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը։


Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:

Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):

Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա:


Հունիսի 12-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտնել է, որ գործող ծրագրերի շրջանակում այժմ արդեն իրականացվում է հայրենական արտադրանքի արտահանում դեպի Հունաստան, Լեհաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռումինիա, Ղազախստան, Ուզբեկստան, ԱՄԷ։

Leave a comment