ԱՄՆ-ն հերքում է, որ սառեցված ակտիվները կվերադարձվեն Իրանին, երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո՝ երկուշաբթի հաղորդել է CNN-ը։
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Սա «վճարում պարտավորությունների կատարման դիմաց» գործարք է, և ոչ մի սառեցված միջոց չի ապաշրջափակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրանցիները չեն կատարել իրենց պարտավորությունները», – հեռուստաալիքին հայտնել է իրազեկ ամերիկացի պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, Financial Times-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում, այդ թվում՝ ակտիվների ապասառեցումը, ուղղակիորեն կախված կլինի Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացից։
Ընդ որում, պարբերականի զրուցակիցների խոսքով, ԱՄՆ-ն Իրանին նավթ վաճառելու թույլտվություն կտրամադրի հրադադարի ռեժիմի 60-օրյա երկարաձգման ժամանակահատվածում:
Ավելի վաղ իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը նախատեսում է 24 միլիարդ դոլարի իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակում՝ եզրափակիչ բանակցությունների 60-օրյա ժամանակահատվածում: Իսկ այդ գումարի կեսը պետք է Իրանին տրամադրվի բանակցությունների մեկնարկից առաջ։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
New York Times-ի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրմանն իրանական կողմից կմասնակցեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: