Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է հրատապ հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս G7 գագաթնաժողովից վերադարձից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
CNN-ի թղթակից Թալ Շալևի փոխանցմամբ՝ հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև աճող տարաձայնություններով՝ Իրանի շուրջ բանակցությունների և Լիբանանում «Հեզբոլլահի» հետ հրադադարի հարցերի վերաբերյալ։
Կիրակի օրը Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Իսրայելին՝ Բեյրութին հասցված հարվածից հետո, որն իրականացվել էր ի պատասխան Իսրայելի հյուսիսային շրջանների գնդակոծության։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա իրականացված հարձակումը «չպետք է տեղի ունենար»։
CNN-ի տեղեկություններով՝ Իսրայելում մտահոգված են, որ ԱՄՆ-ը կարող է սահմանափակել երկրի գործողությունների ազատությունը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պայքարում։ Բացի այդ, Թել Ավիվը մտավախություն ունի, որ Վաշինգտոնը կարող է մեղմացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը, իսկ ապագա հնարավոր համաձայնագիրը չներառի Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող դրույթներ։