Ադրբեջանը լուրջ չի՞ վերաբերվում խաղաղության պայմանագրին. քաղաքագետը՝ Դիլիջանի հանդիպման մասին

Դիլիջանում կայացած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը նոր քննարկումների առիթ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Կողմերը քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծել երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումները, իսկ հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն է։ Նա նաև նշել է, որ TRIPP նախաձեռնությունը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Արման Վանեսքեհյանը հայտնեց, որ արդեն իսկ հանդիպման մակարդակը որոշակի հարցերի տեղիք է տալիս։

«Մի բան կարող եմ ասել. ըստ երևույթին, Ադրբեջանում այդքան էլ լուրջ չեն ընդունել պայմանագրի մասին լուրը։ Եթե հանդիպմանը մասնակցում է նախագահի օգնականը, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարը կամ ազգային անվտանգության կառույցի ղեկավարը, ապա դա կարող է նշանակել, որ Բաքվում բավականին թեթև են վերաբերվում այդ գաղափարին»,- նշեց Վանեսքեհյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նման հանդիպումները կարող են մոտեցնել խաղաղության պայմանագրի ստորագրումը, – քաղաքագետը նկատեց, որ Ալիևի վերջին հայտարարություններն այլ պատկեր են ցույց տալիս։ «Հանդիպման հաջորդ օրը Ալիևը հայտարարեց, որ համաձայնագիրը, ըստ էության, ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։ Կարծում եմ՝ այժմ Բաքուն կփորձի պատասխանատվության հնարավորինս մեծ մասը թողնել հենց ԱՄՆ-ի վրա։ Ինձ թվում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը դեռևս լրջորեն տրամադրված չէ համաձայնագրի վերջնական հաստատման և ստորագրման հարցում։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն այսօր զբաղված է այլ առաջնահերթություններով, և այդ հարցը կարող է երկար ժամանակ մնալ անորոշ վիճակում»,- ասաց քաղաքագետը։

Հարցին, թե արդյոք Ալիևի հայտարարությունը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ նա դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ Վանեսքեհյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մոտակա օրերին նա կշնորհավորի։ Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի մասնակցության մասին Ալիևի հայտարարությունը նաև այդ համատեքստում պետք է դիտարկել»։

Քաղաքագետը մեկնաբանել է նաև Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հաջորդ հանդիպումն անցկացնել իր տարածքում։ «Այո, պայմանավորվածություն կա, որ հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում, սակայն կրկնում եմ՝ ինձ չի թվում, որ Ադրբեջանը շատ լուրջ է վերաբերվում այս գործընթացին, եթե հանդիպմանը մասնակցում է ընդամենը նախագահի օգնականը»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ արձագանք կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ալիևի հայտարարություններից հետո, Վանեսքեհյանը նշեց, որ Վաշինգտոնի ուշադրությունը ներկայում կենտրոնացած է այլ ուղղությունների վրա։ «Ինչ-որ արձագանք, հավանաբար, կլինի, սակայն ԱՄՆ-ն այժմ զբաղված է Իրանի և այլ միջազգային խնդիրներով, ինչպես նաև եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների հարցերով։ Մեր տարածաշրջանին ուշադրություն, իհարկե, կդարձվի, բայց դժվար թե ամենաբարձր մակարդակով։ Վերջերս Ռուբիոյի այցն էլ ցույց է տալիս, որ այս փուլում առանձնապես ակտիվ ներգրավվածություն չենք տեսնում»,- եզրափակեց քաղաքագետը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment