Քաջարանը հուլիսի 14-ին հյուրընկալել էր պատանի ըմբիշներին։ Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին մոտ 150 պատանի մարզիկ՝ Կապանից, Քաջարանից, Երևանի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնից և Երևանի օլիմպիական քոլեջից, Էջմիածնի երկու մարզադպրոցից, Արմավիրի Քարակերտ, Ապագա, Արաքս համայնքներից։ Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մասնակցում էր մոտ 150 պատանի ըմբիշ։
Ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը՝ համոզմունք հայտնելով, որ մարզիկների ելույթները ըմբշամարտի գորգի վրա կանցնի արդար պայքարի մթնոլորտում, իսկ Քաջարանը մասնակիցների հիշողություններում կմնա հյուրընկալ և մարզասեր քաղաք։
Հանդիսականներին և հյուրերին պարային կատարումներով ողջունեցին համայնքապետարանի ստեղծագործական խմբերը։
Մի քանի ժամ շարունակ մրցագորգի վրա պայքար ծավալվեց։ Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։ Պարգևներ ստացան նաև նրանց մարզիչները։
Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց Վաղարշապատի համայնքապետարանի համալիր մարզադպրոցի տնօրեն, ըմբշամարտի մարզիչ Գոռ Աբգարյանը, Քաջարանում իրենք երկրորդ անգամ են մասնակցում մրցումների, և ոգևորված են մրցումների կազմակերպչական մակարդակով և այն հանգամանքով, որ սպորտի պատասխանատուները ցանկանում են Քաջարանում ըմբշամարտ մարզաձևը զարգացնել, ինչը հանրապետությունում հենակետային մարզաձևերից մեկն է համարվում։
Վահրամ Օրբելյան