Չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի շուրջ առկա լավատեսությանը, Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության լիարժեք վերականգնումը կարող է իրականություն դառնալ միայն փաստաթղթի ստորագրումից մի քանի ամիս անց։ Այս մասին հայտնում է հեղինակավոր «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով ոլորտի առաջատար փորձագետներին։
Վստահության դեֆիցիտ և լոգիստիկ խոչընդոտներ
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ բեռնափոխադրումների նախապատերազմյան ծավալներին վերադառնալը երկարատև գործընթաց է, քանի որ անհրաժեշտ է զրոյից վերականգնել նավատերերի, ապահովագրական հսկաների և նավթավերամշակման գործարանների վստահությունը ռեգիոնի անվտանգության նկատմամբ։ Բացի այդ, համաշխարհային շատ գնորդներ արդեն հարմարվել են ստեղծված ճգնաժամին՝ ձևավորելով մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ու երթուղիներ:
Չիկագոյում գործող «Karobaar Capital LP» ընկերության ներդրումային տնօրեն Հարիս Խուրշիդի խոսքով՝ շուկան սխալմամբ միամտորեն է մոտենում հարցին.
«Շուկան հակված է ջրային այս զարկերակի վերաբացումը դիտարկել որպես մի վայրկյանում միացող անջատիչ, սակայն իրականում դա ավելի շուտ տևական գործընթաց է: Նեղուցի ֆիզիկական վերաբացումն ու առևտրային հոսքերի կարգավորումը երկու տարբեր բաներ են»,- պարզաբանել է Խուրշիդը՝ հավելելով, որ այլընտրանքներ գտած գնորդները չեն շտապի վերադառնալ նախկին սխեմաներին:
«Saxo Markets»-ի ներդրումային գլխավոր ռազմավար Չարու Չանանան նույնպես նախազգուշացնում է, որ գործնական իրականությունը շատ ավելի բարդ է լինելու. ականազերծումը, ապահովագրական ռեկորդային ծախսերը (War Risk Insurance), նավահանգիստների ծանրաբեռնվածությունն ու աշխարհաքաղաքական ռիսկի մնացորդային գործոնները էականորեն դանդաղեցնելու են նավթային տանկերների շարժը:
Ի՞նչ է նախատեսում ԱՄՆ-Իրան պլանը.
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «Mehr» գործակալությունը, համաձայնագրի ստորագրումից հետո նեղուցը լիովին պետք է բացվի 30 օրվա ընթացքում: Փաստաթղթի նախագծով սահմանվում են հետևյալ կոշտ պայմանները.
-
Վաշինգտոնի պարտավորությունները. Մեկ ամսվա ընթացքում վերացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, դուրս բերել զորախումբը Իրանին սահմանակից շրջաններից, բանակցությունների ընթացքում չսահմանել նոր պատժամիջոցներ և նոր ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում։
-
Ռազմական էսկալացիայի դադարեցում. Հրադադարի ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես և «բոլոր ճակատներում»՝ ներառյալ Լիբանանը։
Սակայն, ինչպես փաստում է Bloomberg-ի վերլուծությունը, քաղաքական համաձայնությունը դեռևս չի նշանակում գլոբալ լոգիստիկայի ավտոմատ վերագործարկում: