Լավրովը հայտնել է Ուիտկոֆի և Քուշների՝ մոտ ապագայում Ռուսաստան այցի մասին

Բաժանորդագրվել

Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Բելառուսի մայրաքաղաքում է:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան տեղի կունենա տեսանելի ապագայում: Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկում է երկօրյա աշխատանքային այցով:

«Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ մենք ակնկալում ենք տեսանելի ապագայում պարոն Ուիտկոֆի և պարոն Քուշների հերթական այցը։ Հուսով ենք, որ նրանք կհայտնեն, թե ինչպես է ամերիկյան կողմը ծրագրում իրագործել պայմանավորվածությունները, որոնք հիմնված են ամբողջությամբ իրենց առաջարկի վրա», – ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Բանակցություններում ՌԴ պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, սակայն ամերիկացի բանակցողներն այժմ զբաղված են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։

Leave a comment