Բոյկոտ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում․ հայտարարություն

Հասարակություն

15.06.2026 | 13:37

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել. բուհի ներկայացուցիչների պնդմամբ՝ վերադասի կամայական և անհիմն որոշումների հետևանքով վտանգված է ուսումնական հաստատության բնականոն գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել համալսարանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել.

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա: Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԲՈՅԿՈՏ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․

Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։

Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:

Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը ՄԻԱՅՆ այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Խնդրում ենք տարածել (Share) այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Հ․Գ․ այսօր ԶԼՄ-ներին հրավիրում ենք ժամը 14։00-ին կայանալիք մամուլի ասուլիսին, վայր՝ Վազգեն Սարգսյան 32, (Innovation Hub լսարանում)»,- գրված է հաղորդագրության մեջ։

Leave a comment