Կոպիրկինը Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու TRIPP-ին ՌԴ-ի մասնակցությունը

Քաղաքականություն

06.02.2026 | 16:24

Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին, հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Այս մասին «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն «ուշադիր հետևում է լայնորեն գովազդվող «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին»։

«Ինչ վերաբերում է գործնական մանրամասներին, դրանք նոր են սկսում ի հայտ գալ և, հավանաբար, որոշ ժամանակ կպահանջվի դրա մեկնարկի համար։ Բնականաբար, Ռուսաստանը հետևում է և կշարունակի հետևել այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը ՀՀ երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրերի միջոցով աջակցման և զարգացման գործում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում։

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանն այս գործընթացի առաջնագծում էր՝ թե՛ սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացում։ Մենք կարծում ենք, որ այս ոլորտում և, ընդհանրապես, տրանսպորտային ոլորտում կարգավորման առումով համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ և արդարացի հիմունքներով և, իհարկե, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը»,- ասել է նա՝ հիշեցնելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment