Քաղաքականություն
15.06.2026 | 13:01
«Սիրելի՛ հայրենակիցներ, գիտեք, որ ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտում է իր աշխատանքները։ Բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են այս տարիների ընթացքում առաջարկվել իմ և իմ գործընկերների կողմից, բայց կա ևս երեք օրենսդրական նախաձեռնություն, որն այս գումարման Ազգային ժողովը կհասցնի, կարծում եմ, և կքվեարկի։ Մենք դա կանենք մոտ օրերս կամ արտահերթ քվեարկությամբ։ Եվ այսպես՝ ևս երեք օրենսդրական նախաձեռնություն՝ իմ և իմ գործընկերների կողմից»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան կարճ տեսանյութում։
Առաջին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Սիմոնյանն առաջարկում է պատժի խստացում։
«Կաշառք վերցնելու համար կսահմանվի մինչև ինը տարի ազատազրկում, իսկ տալու համար՝ մինչև տասը տարի ազատազրկում։ Բնական է՝ սա միակ գործիքը չէ, որը որ կիրառվելու է ընտրակաշառք տվողների և վերցնողների դեմ. կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն»,- նշել է նա։
Երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ՀՀ բնակավայրերի մոտ դրոշի տեղադրմանը․ «Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր՝ այդ մտքին ենք եկել ես և իմ գործընկերները, և բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ՝ հիմնական մուտքերից մեկի մոտ կամ բոլոր մուտքերի մոտ, պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը մեկը երկուսի վրա (մետր՝ խմբ․) չափով Հայաստանի Հանրապետության դրոշ։ Սա նույնպես կբերվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի»։
Ալեն Սիմոնյանը նաև հայտնել է, որ կփոխվի ԱԺ պատգամավորների երդման տեքստը։
«Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը, ինչպես նաև մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր արժեքների մասին կլինի տեքստը, որը ես քիչ անց կտեղադրեմ. նաև կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ»,-նշեց նա։
Եվգենյա Համբարձումյան