ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի վերջին հայտարարություններին:
«Նարեկ Կարապետյանն ու Լևոն Զուրաբյանը, ժողովրդական լեզվով ասած, «նույն դասարանից» են։ Երկուսն էլ մրցում են, թե ով ավելի պոպուլիստական ցնդաբանություն կասի, երկուսն էլ այնքան մեծամիտ են, որ կարծում են՝ այդ պոպուլիզմին կհավատա քաղաքացին։
Կա մեկ տարբերություն՝ ֆինանսական հնարավորությունն է։ Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասնական ուժերով կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին։
Թումանյանի հեքիաթները մեծ փիլիսոփայություն են մեր շուրջը ապրող մարդկանց մասին։ Իմ սիրած հեքիաթներից մեկից՝ «Սուտլիկ որսկանից», մեջբերում․
— Տղերք,— ասինք,— եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ՝ երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։ Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։
Որսից եկած սոված մարդիկ վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ»,- գրել է Վարդանյանը: