Համաշխարհային շուկաներում նավթի գները նվազել են՝ հասնելով մարտ ամսից ի վեր գրանցված ամենացածր մակարդակներին։ Գների անկումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության մասին տեղեկությունների ֆոնին։
Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը նվազել է 4,08 դոլարով կամ 4,7 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 83,25 դոլար։ Միևնույն ժամանակ, ամերիկյան WTI տեսակի նավթի արժեքը նվազել է 4,35 դոլարով կամ 5,1 տոկոսով՝ հասնելով 80,53 դոլարի մեկ բարելի դիմաց։
Երկուշաբթի օրը երկու տեսակի նավթի պայմանագրերն էլ իջել են մինչև մարտի 10-ից ի վեր ամենացածր ցուցանիշները։ Մինչ այդ՝ ուրբաթ օրը, շուկաներում արդեն արձանագրվել էր ավելի քան 3 տոկոս անկում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ գների նվազումը պայմանավորված է այն սպասումներով, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր պայմանավորվածությունները կարող են թուլացնել տարածաշրջանային լարվածությունը և նպաստել համաշխարհային շուկա իրանական նավթի մատակարարումների ավելացմանը։