Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ է նշանակվել Արգամ Ստյոպայի Մայիլյանը։ Նոր նշանակումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Բերդի տարածաշրջանում իրավապահ և քննչական համակարգերի աշխատանքի նկատմամբ հանրային ուշադրությունը շարունակում է բարձր մնալ, իսկ քաղաքացիների շրջանում առկա են արդյունավետության բարձրացման ակնկալիքներ։
Արգամ Մայիլյանը ծնվել է 1982 թվականի հուլիսի 11-ին՝ Շամշադինի շրջանի Նավուր գյուղում։ 2005 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։
Նրա մասնագիտական գործունեության զգալի մասը կապված է եղել Տավուշի մարզի իրավապահ համակարգի հետ։ Տարբեր տարիներին աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեում՝ անցնելով մասնագիտական ճանապարհը քննիչից մինչև Բերդի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոն։
2018-2025 թվականներին նա զբաղեցրել է Բերդի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ 2025-2026 թվականներին ղեկավարել է «Վայսկո» ՍՊԸ-ն, որն իրականացրել է կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագիր։ Ծրագրի շրջանակում նախատեսվել էր շուրջ 4 միլիարդ դրամի ներդրում, 45 նոր աշխատատեղի ստեղծում, իսկ ընկերությունը ստացել էր նաև մաքսատուրքից ազատման 330.000.000 դրամի արտոնություն ։
2024 թվականին Արգամ Մայիլյանը ՀՀ վարչապետի հրամանագրով պարգևատրվել է արժեքավոր նվերով, ինչպես նաև ծառայողական գործունեության ընթացքում խրախուսվել տարբեր գերատեսչական պարգևներով։
Նորանշանակ ղեկավարի աշխատանքը բնականաբար գնահատվելու է արդեն պաշտոնավարման ընթացքում՝ բաժնի գործունեության արդյունքներով, քաղաքացիների հետ աշխատանքի որակով, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման և քննության արդյունավետությամբ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Արգամ Մայիլյանը երկար տարիներ աշխատել է նույն բաժնում և զբաղեցրել ղեկավար կազմի պաշտոն, հանրության մի հատվածը նրա նշանակումից ակնկալում է ոչ միայն շարունակականություն, այլև նոր մոտեցումներ, որոնք կնպաստեն քննչական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Բերդի համայնքի բնակիչների համար առաջնայինը շարունակում է մնալ մեկ հարց՝ արդյոք նոր ղեկավարության պայմաններում հնարավոր կլինի ապահովել ավելի արդյունավետ, թափանցիկ և քաղաքացիների նկատմամբ առավել բաց աշխատանքային մշակույթ։ Այդ հարցի պատասխանը կտա արդեն ժամանակը և կոնկրետ արդյունքները։